Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով
Աջակցիր «Ա1+»-ինՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային Ժողովը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասված է.
«ՀՅ Դաշնակցության Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը, քննելով 2020-ի համապետական ընտրություններին ՀՅ Դաշնակցության մասնակցության հարցը և ամփոփելով միասնական օրակարգի շուրջ համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ՀՅԴ Արցախի ԿԿ-ի իրականացրած բանակցությունների արդյունքները, որոշեց առաջիկա համապետական ընտրություններում ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագիրը հիմնել հետևյալ դրույթների վրա.
-Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ապահովել ԱՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի անվերապահ իրագործումը,
-Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի իրավապայմանագրային ամրագրումը,
-սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը,
-կոռուպցիայի և հովանավորչության դեմ անզիջում պայքարի իրականացումը,
-զսպումների և հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը,
-վերաբնակեցման համակարգված, լայնածավալ և հետևողական իրականացումը,
-«Ազգ-բանակ» հայեցակարգի հիման վրա պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործումը:
Նախընտրական ծրագրի վերոնշյալ դրույթների իրականացման և այս առաջնահերթությունների շուրջ հանրության համախմբման նպատակով Ժողովը որոշեց Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով և նախագահի թեկնածու առաջադրել Դավիթ Իշխանյանին: Խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է առանձին ցանկով»: