Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Տիգրան Ավինյանն ընդունել է Լիտվայի դեսպանին (տեսանյութ)

Դեկտեմբերի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը համոզվածություն է հայտնել, որ դեսպանի գործունեությունը նոր ազդակ կհաղորդի հայ-լիտվական համագործակցությանը։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ ջանք չի խնայի երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։ Նա հավելել է, որ հայ-լիտվական կապերը զգալիորեն ակտիվացել են Թավշյա հեղափոխությունից հետո ու նշել, որ Հայաստանում ընթացող բարեփոխումներին նպաստելու համար Լիտվան պատրաստ է ընդլայնել տեխնիկական աջակցությունը։

Տիգրան Ավինյանը կարևորել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և այս առումով առանձնացրել հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել մյուս տարի Վիլնյուսում։

Տիգրան Ավինյանը խոսել է մշակման փուլում գտնվող հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մասին։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հանրային ծառայությունների թվայնացման գործընթացին, որի համակարգումը իրականացվում է փոխվարչապետի գրասենյակի կողմից։ Հաշվի առնելով Լիտվայի ունեցած դրական փորձը այս ոլորտում՝ Տիգրան Ավինյանը հետաքրքրություն է հայտնել ուսումնասիրել առկա համագործակցության հնարավորությունները։

Զրուցակիցները քննարկել են ներդրումների խթանման, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, թափոնների վերամշակման ոլորտներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Վիլնյուս ուղիղ ավիաչվերթի բացման հնարավորություններին։