Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դեմ կքվեարկեն ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագծին (տեսանյութ)

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Նախագիծը զեկուցեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Այնուհետև խմբակցության անուններից ելույթներ ունեցան «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նրանք հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին։ Տարոն Սիմոնյանը նշեց, որ այս նախագիծը չի նպաստում իշխանության ասած՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծմանը։

«Նման ճգնաժամ գոյություն չունի և ձեր ներկայացրած խնդիրները որևէ առնչություն չեն կարող ունենալ այս նախագծով լուծման հետ։ Արդյունքում ունենում ենք մի իրավիճակ, երբ որ ձեր նպատակների և ձեր ընտրած միջոցների միջև անդունդը մեծանում է»,- ասաց Տարոն Սիմոնյանը։

Իր հերթին Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս նախագծով լեգիտիմացնում են պորտաբուծությունը։

«Դուք մարդկանց, ում համարում եք հանցագործ, այստեղ նման կարծիքներ հնչեցին, որ նրանց պետք է այրել, գնդակահարել, այսինքն՝ մարդկանց, որոնք հանցագործ են և այս կամ այն թվերին կատարել են հանցագործություններ, դուք պարգևատրում եք տարիներ շարունակ հսկայական գումարներով»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը և հավելեց, որ սա քաղաքական պրեսինգ է, որովհետև ՍԴ-ի հետ իրավական ճանապարհով խնդիրը չեն կարողանում լուծել։

Արձագանքելով Նաիրա Զոհրաբյանին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խնդրեց «Բարգավաճ Հայաստանին» մանիպուլյացիայով չզբաղվել։

«Երբեք այս ամբիոնից չի հնչել՝ դուք մեր դուրը չեք գալիս արտահայտությունը և դրա համար հեռացեք։ Մեր խմբակցությունից ոչ մեկը չի հնչեցրել այրելու, գնդակահարելու, ինկվիզիցիայի ենթարկելու մասին արտահայտություններ»,- նկատեց Մակունցը։

Մինչ նախագիծը քվեարկության կդրվեր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հորդորով 20 րոպե ընդմիջում հայտարարվեց։