Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Ես սիրում եմ Աբովյանը» գործով նիստը չկայացավ (տեսանյութ)

 Երևանի վարչական դատարանում, դատավոր Ռաֆիկ Խանդանյանի  նախագահությամբ, պետք է քննվեր ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Աբովյան-Արզնի խաչմերուկի մայթեզրին տեղադրված «I love Abovyan» (հայ.՝ Ես սիրում եմ Աբովյանը) քաղաքի զարդարանքի գործը։
 
Աբովյանի քաղաքապետարանի դեմ հայց էր ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։
 
Համայնքապետարանից դատարանում էր քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արուսյակ Առաքելյանը, որի դեմ և ուղղված է հայցը։
 
Հայցադիմումի պահանջն է ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189/3-րդ հոդվածի 1-ին մասի վարչական պատասխանատվության ենթարկումը.
 
«Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը»։
 
Որոշ ժամանակ անց՝ դատարանում մնալուց հետո, Արուսյակ Առաքելյանը հեռախոսազանգով դատարանից տեղեկացավ, որ դատավորը չի եկել վատառողջ լինելու պատճառով, և նիստը չկայացավ։ Լեզվի կոմիտեից ներկայացուցիչ չկար դատարանում։ 
 

Անդրադառնալով «Աբովյանը սիրող» զարդարանքին՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, որը նաև իրավաբան է, ասաց, թե առարկել է հայցի դեմ՝ պնդելով, որ դա գովազդ չէ, զարդարանք է, ինստալացիա է, և Աբովյան քաղաքում բազմաթիվ նման ինստալացիաներ կան։

«Եթե նույնիսկ ընդունենք, որ դա գովազդ է, բազմաթիվ նման զարդարանքներ, չակերտներում գովազդներ Հայաստանի Հանրապետության քաղաքներում, գյուղական համայնքներում, այդ թվում՝ Երևան քաղաքում տեղադրված են։ Եվ չգիտենք ինչու՝ միայն Աբովյան քաղաքն է, որ պատասխանատվության է կանչվում, այն էլ՝ աշխատակազմի քարտուղարը, որն ընդհանարապես որևէ իրավասություն չունի նման հարցերով զբաղվելու»,- ընդգծեց Արուսյակ Առաքելյանը։

Առաքելյանն ասաց, որ «I love Abovyan» զարդարանքը տեղադրվել է Աբովյան քաղաքի մի խումբ նախկին բնակիչների կողմից, որոնք ցանկացել ինչ-որ մի գեղեցիկ բան թողնել քաղաքին։ Քարտուղարն ասաց, որ համայնքապետարանը գրվածքի վրա գումար չի ծախսել։ Աբովյանի քաղաքապետարանը հակընդդեմ հայց չի ներկայացրել Լեզվի կոմիտեի դեմ։