Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինձ համարում եմ կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի քաղաքական գործիչ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս արձանագրել է, որ իրեն բարևելը՝ կոռուպցիոն իմաստով, դարձել է ազատ փոխարկելի արժույթ։ Այս մասին վարչապետն ասաց «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ իր ելույթում։

«Օրինակ, կարելի է վարչապետին բարևել և հաջորդ քայլին շտապել տարադրամի փոխանակման կետ և հնարավորինս արագ այդ բարևը կանխիկացնել, կամ վարչապետի հետ հանդիպելը ազատ փոխարկելի արժույթ է և որը կարելի է օգտագործել բոլոր ոլորտներում, ներառյալ կոռուպցիոն ոլորտներում։ Սա է պատճառը, սիրելի հայրենակիցներ, եթե հանկարծ նկատեք, որ ես բարևների և ընդունելությունների առումով ժուժկալ եմ դարձել, հանկարծ չմտածեք, որ ես մեծամտացել եմ։ Պարզապես 1,5 տարվա ընթացքում հասկացել եմ, որ նույնիսկ բարևելու և ընդունելությունների հարցում պետք է զգույշ լինել»,- ընդգծեց վարչապետը և հավելեց․

«Թույլ տվեք ասել, որ ես ինձ համարում եմ կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի քաղաքական գործիչ, մարդ։ Պետք է միշտ հաշվի առնել, որ գենետիկ մուտացիաների հնարավորություն տեսականորեն կարող է լինել և կարող են լինել համակարգեր, որոնք անընդհատ ուզում են քեզ ներքաշել այդ գենետիկ մուտացիոն երևույթների մեջ, սակայն դա տեղի չի ունենա»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կոռուպցիայի ոլորտում Կառավարության համար չկա նախորդ և ներկա իշխանություն։

«Իմ կողմից որևէ պաշտոնում նշանակված անձի կողմից կոռուպցիայի մեջ ներգրավվելը կրկնակի անընդունելի է, քան նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից, և ես հույս ունեմ, որ սա տեսանելի է, որովհետև վերջին 1, 5 տարվա ընթացքում առնվազն 4 բարձրաստիճան պաշտոնյանների՝ կոռուպցիոն հոդվածներով մեղադրանքներ է առաջադրվել, և սա շարունակական է լինելու։ Բացառված է, որ մենք կոռուպցիայի հետ կոմպրոմիս ունենանք»,- նկատեց նա։