Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ինչպե՞ս են ֆուտբոլիստներն օգնել Սպիտակի երկրաշարժի տուժածներին

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո տուժածներին օգնության ձեռք են մեկնել նաև սպորտի մարդիկ, մասնավորապես՝ ֆուտբոլիստները:

1989 թվականին արևմտագերմանական «Մյուլլեր-միլխ» կաթ արտադրող ընկերությունը ցանկանալով օգնել Հայաստանին, դիմել է նախկին ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիային և առաջարկել անցկացնել ֆուտբոլի բարեգործական խաղեր:

Դրանից առաջինը տեղի է ունեցել մարտ ամսին, գերմանական Աուգսբուրգ քաղաքում: Միմյանց հետ հանդիպել են աշխարհի և ԽՍՀՄ վետերանների հավաքականները: Աշխարհի աստղերի թիմից հանդես են եկել 11 աշխարհի չեմպիոններ՝ իտալացիներ Կլաուդիո Ջենտիլեն, Պաոլո Ռոսին, բրազիլացի Կառլոս Ալբերտոն, արգենտինացի Մարիո Կեմպեսը, գերմանացիներ Զեպ Մայերը, Ֆրանց Բեկենբաուերը, Պաուլ Բրայտները, Վոլգանգ Օվերատը, Ուլի Հյոնեսը, Գյունտեր Նետցերը և Գերդ Մյուլլերը: ԽՍՀՄ վետերանների կազմում այդ խաղին մասնակցել են «Արարատի» նախկին ֆուտբոլիստներ Հովհաննես Զանազանյանը, Էդուարդ Մարգարովն ու Նիկոլայ Ղազարյանը:

Հանդիպումն ավարտվել է խորհրդային խաղացողների հաղթանակով՝ 4:3: Աշխարհի հավաքականից բոլոր գոլերը խփել է Պաոլո Ռոսին, իսկ հյուրերից աչքի են ընկել Օլեգ Բլոխինն (3) ու Վիկտոր Կոլոտովը:

Պատասխան հանդիպումը կայացել է հունիս ամսին, Երևանում: Այդ անգամ միմյանց հետ հանդիպել են ԽՍՀՄ և Եվրոպայի վետերանների հավաքականները: «Հրազդան» մարզադաշտ եկած 53 հազար հանդիսականների ներկայությամբ կրկին հաղթանակ են տոնել խորհրդային ֆուտբոլիստները՝ 3:2: Մեր նախկին ֆուտբոլիստներից այդ խաղին մասնակցել են Ալյոշա Աբրահամյանը, Ալեքսանդր Միրզոյանը, Ալեքսանդր Կովալենկոն, Արկադի Անդրեասյանը: Եվրոպայի հավաքականից այս անգամ հանդես են եկել աշխարհի փոխչեմպիոններ, հոլանդացիներ Վան Կերկհոֆ եղբայրները, Ջոնի Ռեպը, Եվրոպայի չեմպիոններ, չեխոսլավակցի Անտոնին Պանենկան ու Կարոլ Դոբիաշը:    

Ի դեպ, Սպիտակի երկրաշարժի տուժածներին օգնելու նպատակով առաջին բարեգործական հանդիպումը անցկացվել էր դեռևս 1989 թվականի հունվարին, Թբիլիսիում: Տեղի «Դինամոն» հանդիպել էր իր ոչ վաղեմի մրցակից, գերմանական «Վերդերի» հետ: Խաղը հեռարձակվել էր ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում և այլ երկրներում: Այն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0: Գերմանական ակումբը օգնության համար հանգանակել էր 100 հազար գերմանական մարկ, իսկ «Դինամոն»՝ 60 հազար ռուբլի, որը գոյացել էր տոմսերի վաճառքից: