Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայտնի են ՀՖՖ նախագահի թեկնածուները. մեկ հոգի մերժվեց (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր կայացած հատուկ մամուլի ասուլիսում հրապարակվեցին ինչպես ՀՖՖ
նախագահի, այնպես էլ ՀՖՖ գործկոմի անդամության թեկնածուների անունները:

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ արտահերթ ժողովում նախագահի պաշտոնի համար կպայքարեն երեք հոգի: Նրանք
են հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը, «Լոռի ՖԱ» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը և
ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Իսկ ահա «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից
առաջադրված Արսեն Աղաջանյանը թեկնածությունը մերժվել է ՀՖՖ գործկոմի կողմից, քանի որ նրա ներկայացրած
փաստաթղթերը չեն համապատասխանել ֆեդերացիայի պահանջներին:

ՀՖՖ գործկոմի անդամության 16 տեղերի համար իրենց թեկնածությունն են դրել 27 հոգի, որոնցից երեքը տարբեր
պատճառներով դուրս մնացին վերջնական ցանկից: Մասնավորապես՝ Երևանի «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչյա
Քանանյանը զրկվեց այդ իրավունքից, քանի որ նա բերման է ենթարկվել կապված ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ
Լոռեցյանի գործի հետ, ով կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Նշենք նաև, որ ՀՖՖ պատրաստվում է սառեցնել իր կազմի մեջ մտնող յոթ կազմակերպությունների անդամությունը,
որոնք վաղուց ոչ մի գործունեություն չեն ծավալում հայկական ֆուտբոլում: Եթե արթահերթ ժողովին դրանք հառացվեն
ֆեդերացիայի կազմից, ապա չեն մասնակցի ընտրություններին: