Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին (տեսանյութ)

Դեկտեմբերի 6-ին Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին:

Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր սլովակ գործընկերոջը ԵԱՀԿ-ում հաջող նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ անցած մեկ տարվա ընթացքում ծավալվել է  արդյունավետ համագործակցություն Սլովակիայի նախագահության առաջնայնությունների իրականացման և կազմակերպության նպատակների առաջմղման ուղղությամբ:

Նախարար Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը կարևորեցին խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը՝ այդ առնչությամբ դրական գնահատելով  Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչների միջև փոխանակման ծրագրի իրականացումը:

Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակն անդրադարձան նաև հայ-սլովակական օրակարգի մի շարք հարցերի՝ ուրվագծելով երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով: