Բացել լրահոսը Փակել լրահոսը
78288648_479816735997919_3625642779457093632_n
A A
Հասարակություն

Դատախազները դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ընթանում է  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա նիստին Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին։

Իր խոսքում նա նշեց, որ դատավորի անաչառությունը գնահատելու երկու չափանիշ կա՝ ներքին՝ սուբյեկտիվ և և արտաքին ՝օբյեկտիվ: Սուբյեկտիվ մոտեցումը, ըստ նրա, այն է, որ թույլ է տալիս պարզելու՝ դատավորը անաչա՞ռ է, թե ոչ։

Արտաքին գործոնները ցույց են տալիս՝ կա՞ն արդյոք երաշխիքներ, որոնք կարող են չեզոքացնել դատավորի անաչառության վերաբերյալ կասկածները:

«Խնդիրն այն, որ 2019 մայիսի 21-ին հոդված է տպագրվել, որտեղ գրված է որ դատավոր Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հրամանը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում նաև Մխիթար Պապոյանն է: Դատավորը նշել է, որ այդ հրապարակումը ամբողջությամբ սուտ է և պարունակում է հանցագործության մասին տեղեկություններ և համապատասխան մարմիններին խնդրել է այս հաղորդումը ընդունել որպես հանցագործության մասին տեղեկություն և օրենքով սահմանված կարգով իրավական գնահատական տալ կեղծ տեղեկություն հաղորդած անձի արարքներին, քանի որ Արտակ Գալստյանը չի հանդիսանում լրագրող»:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը միացավ ինքնաբացարկի միջնորդությանը՝ նշելով, որ առկա են լուրջ հիմքեր ինքնաբացարկի։ Միացավ նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ նշելով.

«Դուք, դատավորներ Ալեքսանդր Ազարյանը և Վազգեն Ռշտունին ունեք ուղորդված համակրանք Քոչարյանի նկատմամբ»:

Դատավոր Մխիթար Պապոյանը նշեց․ «Այո, Ալեքսանդր Ազարյանի հետ ընկերներ ենք, բայց մինչև նրա վերաքննիչ դատարան տեղափոխվելը Առաջին ատյանի դատարանում աշխատած տարիներին եղել է դեպք, որ Ա. Ազարյանի դատական ակտի հետ չհամաձայնելով՝ որպես վերաքննիչ դատարանի դատավոր բեկանել եմ: Ես որպես դատավոր եղել և կլինեմ անկախ»:

Ռ․ Քոչարյանի փաստաբանները առարկեցին միջնորդությանը։  

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին։