Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Մի բան անենք». Բասեն համայնքի կամավորները վերանորոգել են տեղի մանկապարտեզը

 Շիրակի մարզի Բասեն համայնքում վերաբացվեց տեղի մանկապարտեզը, որը վերանորոգվել է բնակիչների ջանքերով։ Ծրագիրն իրականացվել է «Մի բան անենք» համայնքային զարգացմանն ուղղված ազգային արշավի շրջանակներում։ Այն առաջինն է բազում այլ համայնքային միջոցառումների շարքում, որոնք տեղի են ունենալու Շիրակի մարզում մեկնարկած արշավի շրջանակում:

Մանկապարտեզը վերանորոգվել է տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ, կամավորների ջանքերով։ Այն իր ավարտուն տեսքն է ստացել ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող Աջակցություն Հայաստանին նախաձեռնության շնորհիվ, որն էլ ֆինանսավորել է բացման արարողությունը: Վերանորոգման արդյունքում մանկապարտեզն այժմ կարող է ընդունել 90 երեխաների 60-ի փոխարեն՝ ընձեռելով նրանց զարգացման ավելի լայն հնարավորություններ։

Միջոցառումը և «Մի բան անենք» արշավի մեկնարկը տեղի ունեցավ Կամավորների միջազգային օրը՝ նշանավորելով կամավորական աշխատանքի կարևորությունը համայնքային զարգացման գործում: Արշավի նպատակն է կամավորական աշխատանքի միջոցով համայնքներին ներգրավել տարբեր համայնքային խնդիրների լուծման գործում:

«Բասենի մանկապարտեզի մի հատվածի վերանորոգման, բակի բարեկարգման  աշխատանքները և գույքի ձեռքբերումը հնարավոր դարձան կամավորների աշխատանքների շնորհիվ։ Համայնքի կամավորներին միացան նաև սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները, որոնց աշխատանքի շնորհիվ այսօր ունենք մանկապարտեզ, որտեղ մեր փայլուն սերունդը կկրթվի ու կդաստիարակվի ժամանակակից պահանջներին համահունչ։

Բասեն գյուղում մեկնարկածը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք ինքներս պետք է կառուցենք ու շենացնենք մեր հայրենիքը։ Այսօր մեծ հպարտությամբ կարող եմ ասել «մենք միասին մի բան արեցինք, #Բասենցիքարեցին»։ Հերթը ձերն է․․․․․», - նշեց Բասենի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը։  

Բացման խոսքով հանդես եկան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը, Բասենի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: 

Արշավի նպատակն է նպաստել համայնքների զարգացմանն ու հզորացմանը՝ միավորելով ջանքերն ու օգնելով համայնքի անապահով բնակիչներին։  Համայնքային զարգացման գործում կամավորներին ներգրավելը շրջապատի հանդեպ պատասխանատվության զգացում է սերմանում՝ միաժամանակ հավատ ու վստահություն ներշնչելով դրական փոփոխությունների հանդեպ: 

«Մի բան անենք» արշավը ցանկանում է վերստեղծել և պահպանել հոգատարության մթնոլորտը, որը հայերը բազմիցս դրսևորել են։ Այս նախագիծը ապացույցն է այն բանի, որ Բասենի բնակիչները ոգևորված են մեծ փոփոխությունների մաս կազմել և պատրաստակամ են զարգացնել իրենց համայնքը։ Հուսանք, որ մյուս համայնքները կմիանան Բասենին։ #Բասենցիքարեցին»,-նշեց Աջակցություն Հայաստանին նախաձեռնության մշակման պատասխանատու Աննա Դաղլարյանը: 

«Մի բան անենք» արշավը կշարունակվի 2020 թ.-ին համայնքային զարգացման միջոցառումներ տեղի կունենան Գյումրի, Արթիկ և Ամասիա համայնքներում՝ նպատակ ունենալով ընդգրկել նաև մյուս մարզերն ու համայնքները: 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել ծրագրի մշակման պատասխանատուին Աննա Դաղլարյանին՝ 055258821: