Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133877
A A
Քաղաքականություն

Պետք է քննարկել՝ համաձա՞յն ենք, որ աջ ղեկով մեքենաները շարունակաբար ներկրվեն և շահագործվեն. Տիգրան Ավինյան

«Մենք աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելել էինք Հայաստանում, և ստացվել էր այնպես, որ բազմաթիվ քաղաքացիներ Վրաստանի տարածքում աջակողմյան ղեկովը դարձնում էին ձախակողմյան»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ։

«Աժ պատգամավորներից նամակ ստացա, որ ներկայացնում էր այս ոլորտի ներկայացուցիչների փաստարկները, որ քաղաքացիները մեծ գումար ստիպված են ծախսել ՀՀ-ից դուրս։ Մենք հիմա այդ խնդիրը լուծում ենք հետևյալ կերպ ՝ աջակողմյան ղեկով մեքենաները արգելվում է ներկրել ՀՀ, բայց հիմա ժամանակավոր ներկրկման ռեժիմով կարող են ներկրել, ղեկային կարգավորումները փոխել՝ աջակողմյանը դարձնել ձախակողմյան, որից հետո հաշվառվի արդեն ՀՀ օրենքով սահմանված կարգով և հետո թույլատրվի շահագործել։ Այսինքն՝ այդ ընթացքում հնարավորություն չեն ունենալու շահագործել, և շահագործելու դեպքում տուգանքների խնդիր կբացվի։ Եկեք պայմանավորվենք, որ այս որոշումը չարաշահելու որևէ փորձ չի լինի»,- ասաց նա։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով վարչապետին, նշեց որ պետք է քննարկել՝ արդյոք համաձա՞յն ենք, որ աջ ղեկով մեքենաները շարունակաբար ներկրվեն և շահագործվեն ՀՀ-ում։

«Այստեղ խնդիր կա, և այս հնարավորությունը պետք է դիտարկել որպես ժամանակավոր հնարավորություն։ Պետք է քննարկել՝ անվտանգության տեսանկյունից ընդունելի՞ է, որ աջ ղեկով մեքենաները բերվեն Հայաստան և շահագործեն։ Պետք է ժամկետային սահմանափակումներ որոշենք»։