Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը Նոր տարին տա՞նը կդիմավորի․ կան դատավորներ, որոնք նրա օգտին որոշում կընդունեն (տեսանյութ)

«Կարծում եմ՝ դատավորների մեջ կան մարդիկ, որոնք Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշումներ կընդունեն։ Նրանց միջև կան մտերմիկ հարաբերություններ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով առաջիկա օրերին նախկին նախագահի խափանման միջոցը քննելու հերթական դատավարությանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Վերաքննիչ դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի գլխավորությամբ քննվելու է Ռ․Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը։ Եվ կարծիք կա, որ Մ․Պապոյանը Ռ․Քոչարյանի կամ նրա պաշտպանական խմբի ունի լավ հարաբերություններ։

Ս․Սաֆարյանն, այնուամենայնիվ, կարծում է, որ դատավորը պետք է լայնախոհ լինի և խափանման միջոցը փոխելու հարցը պետք է լայն ասպեկտով դիտարկի։ «Եվ գնահատվի այն հանգամանքը, թե դրսում արդյոք այդ անձը վտանգավորություն չի՞ ներկայացնի։ 800 վկաներից առնվազն կեսն ունի մտավախությունը, որ եթե Ռ․Քոչարյանը դուրս գա, ի՞նչ զարգացումներ կլինեն։ Մինչև հիմա էլ չգիտենք, թե վկաների վրա ազդեցության ինչ գործընթաց է իրականացվում»,- հավելում է փաստաբանը։

Ս․Սաֆարյանը չի կարծում, որ Ռ․Քոչարյանն անցած տարի ունեցել է համոզմունք, որ իր նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, և ինքը կկալանավորվի։ Նա վստահ է եղել, որ ընդամենը վկայի կարգավիճակով ինչ-որ բան կպատմի և կօգտվի իր գործառույթային անձեռնմխելիությունից։ «Կարծում եմ, Քոչարյանի փախուստի հնարավորությունը դեռ ակնհայտ է, պահպանվել է»,- ասում է Ս․Սաֆարյանը։

Փաստաբանը խոսեց նաև Մարտի 1-ի գործով անցնող որոշ նախկին պաշտոնյաների՝ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի ու նրա անակնկալ մահվան, նախկին գլխավոր դատախազներ Աղվան Հովսեփյանին և Գևորգ Կոստանյանին, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին վերագրվող հանգամանքների մասին։

«Փաստահավաք խումբ այցելած զինվորականներից մեկը ուղիղ ասում էր, թե այն անձը, ով իրեն խորհուրդ էր տալիս, որ Փաստահավաք խմբում ասի, թե զորքը չի մասնակցել այդ իրադարձություններին, Գևորգ Կոստանյանն է։ Հ․Աբրահամյանի անունը պետք է հնչի այն դրվագում, որ Արարատից մարդկանց է բերել, որոնք անկարգություններ են հրահրել։ Հովիկ Աբրահամյանը շատ մեծ դեր է ունեցել այդ ընթացքն իրենց ուզած սցենարով ապահովելու գործողություններում»,- եզրափակում է Ս․Սաֆարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։