Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հունան Պողոսյան
A A
Քաղաքականություն

Մոլորության մեջ են․ Սյունիքի մարզպետի պատասխանը Ադրբեջանին (տեսանյութ)

Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն այսօր նույնպես մասնակցում էր Արարատի մարզում Ռանչպար համայնքի նորակառույց մանկապարտեզի բացմանը։

Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ Ողջի գետին, որը հոկտեմբերի 17-ին , վաղ առավոտյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով աղտոտվել էր։

«Գետի վիճակը նորմալ է, աղտոտված չէ, բնականոն վիճակ է այս պահին։ Բնապահպանական տեսչությունն է նաև զբաղվում, պատկան մարմինները, շրջակա միջավայրի նախարարությունը։ Կարծում եմ՝ պատշաճ ժամկետներում արդյունքների մասին կիրազեկենք»,- նշեց մարզպետը։

Խոսելով նույն օրը, մարզկենտրոն Կապանում տեղի ունեցած շինության փլուզման մասին , որի հետևանքով 2 զոհ էր եղել, Պողոսյանն ասաց, որ այդ շինությունն ինքնակամ է սարքած եղել, որի մասին բազմիցս պատկան մարմինները զգուշացրել են։ Սյունիքի մարզպետն ասաց, որ Սյունիքում կան նմանատիպ շինություններ, սակայն տարածքն է շատ սողանքային՝ քարաթափումներ, սողանք, հատկապես տարվա այս եղանակներին լինում են։

«Իսկ մեծ հաշվով որպես վթարային շենքեր՝ մենք դրանց մասին հաշվառումներ ունենք։ Երկու այդպիսի շենքեր կան․ մեկը՝ Սիսիանի տարածաշրջանում, մյուսը՝ Կապանի։ Հիմա հանրային քննարկումներ ենք անում, նաև կառավարության աջակցությամբ, կառավարության միջոցներով փոխհատուցում կատարելու համար»,- ընդգծեց Պողոսյանը։

Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թյուրքական խորհրդի գագաթնաժողովին հայտարարել էր, որ «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին» հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը, ինչպես նաև նախկինում շարունակ հայտարարում էր, թե Զանգեզուրը (Սյունիք – հեղ․) նույնպես ադրբեջանական է, ադրբեջանցիներինն է։

Մենք Սյունիքի մարզպետից հետաքրքրվեցինք, թե Սյունիքի սահմանային իրավիճակն ինչպիսի՞ն է, ի՞նչ վտանգներ է տեսնում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։ Պողոսյանն ասաց, որ վտանգներ միշտ էլ կան, և «ի պատիվ մեր ժողովրդի, մեր բանակի՝ մենք միշտ աչալուրջ ենք և մեր սահմաններն անառիկ են»։

«Իսկ իրենք նմանատիպ բաները, որ խոսում են, մոլորության մեջ են կամ իրենց հասարակության աչքին ուզում են ինչ-որ հաճոյանալ։ Բայց հաստատ մոլորության մեջ են»,- շեշտեց մարզպետը։

Հարցին, թե հարձակման վտանգ տեսնո՞ւմ է Սյունիքի վրա, նախկին փոխոստիկանապետն ասաց, որ սահմաններն անառիկ պահվում են, հարձակման վտանգ ինքը չէ, որ պետք է տեսնի, պատկան մարմինները զբաղվում են, իրենք գիտեն՝ որը ինչ է։ «Մենք ուղղակի մեր ժողովրդի մարտական ոգին միշտ բարձր ենք պահում»,- եզրափակեց գեներալ-լեյտենանտը։