Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1617
A A
Քաղաքականություն

Եթե նպատակահարմար ես գտնում ՀՀ-ում ծառայել արագացված ընթացակարգով․ Հայկ Սարգսյանը դիմեց արտերկրում բնակվող հայերին (տեսանյութ)

Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է, որ այն քաղաքացիները, որոնք 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են և արտագաղթել, հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան, բյուջե կվճարեն 10 մլն ՀՀ դրամ, որից հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով։
 
Այսօր լրագրողների հետ զրույցում Հայկ Սարգսյանն ասաց, որ նախագծի մտահղացման պատճառը արտերկրում բնակվող հայերի՝ ծառայելու ցանկությունն է եղել Հայաստանում։
 
Պատգամավորը դիմեց արտերկրում բնակվող հայերին.
 
«Սիրելի՛ հայրենակից, եթե դու ցանկանում ես վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չես կարողանում դա անել, որ քո համար քո այսօրվա ապրելակերպին հակասում է 2 տարի Հայաստանի Հանրապետությունում ծառայելը։ Եվ եթե դու նպատակահարմար ես գտնում Հայաստանի Հանրապետությունում ծառայել արագացված ընթացակարգով և վճարել օրենքով սահմանված գումարը, խնդրում եմ դրա մասին հայտնել ինձ, դրա մասին գրել ձեր սոցիալական ցանցերի էջերում և նաև առանձին ուղարկեք ինձ»։ 
 
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը չնշեց, թե ինչպես է հնարավոր մեկ ամսում սովորել ռազմական արվեստը։ Պատգամավորը պատրաստ է նաև քննարկել օրինագծում հնարավոր փոփոխությունները։
 
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Հայկ Սարգսյանը ծառայե՞լ է և որտե՞ղ։
 
«Ծառայել եմ», - ասաց նա՝ անպատասխան թողնելով ծառայության վայրի վերաբերյալ հարցը։