Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 3-ը դեկտեմբերի. Աներորդին գալիս էր փոխարինելու Ռուբեն Հայրապետյանին (տեսանյութ)

1997-ի դեկտեմբերի 3-ին Զանգվածային տպագիր լրատվամիջոցները հայտարարում են մեկօրյա գործադուլ՝ պահանջելով հանդիպել վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ: Կառավարությունը բարձրացրել է տպագիր մամուլի հարկերը: Լրագրողները հիշեցնում են, որ վտանգվում է ազատ մամուլը, որով այնքան հպարտանում է կառավարությունը եւ դրա շնորհիվ գրանտներ ստանում։

Նույն օրը խորհրդարանում Կառավարության աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանն Ազգային Ժողովում հայտարարում է, որ նրանց պահանջներն անհիմն են, նրանք ցանկացած ժամանակ կարող են հանդիպել Քոչարյանի հետ: Քոչարյանն իր հերթին հայտարարում է՝ եթե մամուլը թերթից շահույթ է ստանում առանց հարկ վճարելու, բյուջեն դրանից կորցնում է:

1998-ի դեկտեմբերի 3-ին Ջերմուկի մոր եւ մանկան «Արարատ» առողջարանում տեղի ունեցած պայթյունը դառնում է 11 մարդու մահվան պատճառ: Վիրավորների թիվը 13 է: Պայթյունից միայն երեք ժամ հետո է տեղ հասնում Արտակարգ իրավիճակների նախարարության արագ արձագանքման փրկարար ջոկատը: Պայթյունի պատճառը բնական գազի արտահոսքն էր: Զոհերի մեծ թվի պատճառն այն է, որ պայթյունը տեղի է ունեցել ճաշի ժամին՝ ճաշարանի տակ գտնվող նկուղում:

1999-ի դեկտեմբերի 3-ին Ազգային Ժողովը միաձայն վստահություն է հայտնում մեկ ամիս առաջ նշանակված վարչապետ Արամ Սարգսյանի կառավարությանը: Խորհրդարանի միջանցքում նա առաջին անգամ առերեսվում է լրագրողների հետ, որոնց ասում է, որ չի պատրաստվում անդամակցել երբեւէ Վազգեն Սարգսյանի գլխավորած Երկրապահին եւ չգիտի՝ կտեղափոխվի՞ կառավարական ամառանոց՝ ապրելու Ռոբերտ Քոչարյանի հարեւանությամբ։

2000 թվականի այս օրերին մանկապատանեկան«Կանչ» թերթը արդեն չի տպագրվում արդեն 7 ամիս՝ «բյուջեում փող չկա» պաշտոնական պատճառաբանությամբ: Անցյալ տարվա բյուջեով 10 միլիոն դրամ էին նախատեսել այս թերթի համար, բայց 4 միլիոնից ավելին չտվեցին։

2000-ի այս օրերին մոտ մեկ ամիս է, ինչ թափուր է խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի աթոռը: Խորհրդարանը կարծես թե չի էլ շտապում, մինչդեռ շուտով բյուջե պետք է ընդունվի: Մինչդեռ թեկնածուներ առաջադրվել են եւ այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ։

2001-ի դեկտեմբերի 3-ի դրությամբ գրանցված խաբված ավանդատուների թիվը Հայաստանում մոտ 25 հազար է: Վերջիններս արդեն հույսեր չեն կապում իշխանության հետ եւ նույնիսկ բողոքի ցույցեր չեն անում, այլ փորձում են իրար մեջ գտնել լուծումը։

«Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»  2001-ի դեկտեմբերի 3-ին այս խոսքերի հեղինակը՝ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը կդառնար 40 տարեկան: Շենգավիթում բացվում է նրա հուշատախտակը: Մինչեւ անկախությունը խորհրդային անվտանգության ծառայությունը նրան 3 անգամ դատել է անկախական գաղափարների համար: Գորգիսյանն այդպես էլ չտեսավ անկախ Հայաստանը:

2001-ի դեկտեմբերի 3-ին քաղաքապետարանը Հանրապետության հրապարակից ապամոնտաժում է Քրիստոնեության 1700- ամյակը խորհրդանշող հսկա խաչը: Բանվորներն այն մաս-մաս են անում, թեպետ առանձնապես ոգեւորված չեն դրանից։

20010-ի դեկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի հայրենի հողում՝ Իջեւանում, բողոքի ակցիա է: Ոստիկանությունը մոբիլիզացվել է, հավաքվածներին թույլ չի տալիս մտնել հրապարակ եւ ընդհանրապես տեղից շարժվել: Ավելի ուշ տեղի ունեցած երթը բախումների պատճառ դարձավ։

2012-ի դեկտեմբերի 3-ին թիվ 1 ընտրատարածքում պատգամավոր է դառնում քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին: Ավանում հրավարություն է: Ընտրողներին բաժանվում է նախապես խոստացված փողը: Աներորդին գալիս էր փոխարինելու «Հարսնաքարում» տեղի ունեցած դաժան հանցագործության պատճառով մանդատից հրաժարված Ռուբեն Հայրապետյանին։