Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+usanoxakan xaxer
A A
Սպորտ

Նախարար Արայիկ Հարությունյանը փակեց ուսանողական մարզական խաղերը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ֆուտզալի թիմերի միջև կայացած եզրափակիչ խաղով այսօր ավարտվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրապետական ուսանողական մարզական խաղերը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը: Հաղթող են դարձել տնտեսագիտական համալսարանի ուսանողները: Նրանց պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Դեռ ուսանողական ժամանակներից գիտեմ, թե թիմային պայքարի և բուհերում մթնոլորտը փոխելու տեսանկյունից որքան կարևոր են այսօրինակ միջոցառումները: Մենք պետք է զարգացնենք նմանատիպ մրցումները և ապագայում ունենանք ուսանողական լիգաներ: Կարծում եմ՝ մրցումների մասնակիցները կարճ ժամանակում հաճելի պահեր են ապրել. մենք պետք է ջանքեր գործադրենք այդ պահերն ավելացնելու և տարվա ընթացքում ավելի շատ նման մրցումներ ունենալու համար, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում», - ուսանողներին ասել է նախարարը:

Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանը, 2-րդ՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

Մրցանակակիր բուհերը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով և ստացել են դրամական պարգևներ, որոնցով պետք է ձեռք բերեն անհրաժեշտ մարզագույք:

Երրորդ տարին անցկացվող հանրապետական ուսանողական մարզական խաղերին մասնակցել են Հայաստանի 19 բուհերի և Արցախի պետական համալսարանի ուսանողները: Խաղերի եզրափակիչ մրցումներին մասնակցել է շուրջ 928 ուսանող: Ուսանողական խաղերում պայքարն ընթացել է 7 մարզաձևում` բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, ուժային եռամարտ, սեղանի թենիս, հրաձգություն և հնգամարտ: