Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԶոհԶինծ (1)
A A
Հասարակություն

Այսօր Արցախում մահացած ժամկետային զինծառայողի ծննդյան օրն էր

Այսօր, ժամը 06:50-ի սահմանում, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է։ Այդ մասին հաղորդագրություն էր տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Արթուր Աջամյանի վերաբերյալ «Ա1+»-ի հետ զրույցում Արմավիր մարզի Արտաշար համայնքի ղեկավար Մանվել Օհանյանը նշեց, որ դեպքի մասին հեռուստատեսությունից է իմացել, այլ կոնկրետ փաստեր չունի, որ կարող է ասել։

Համայնքապետն ասաց, որ առավոտյան ժամը 9-ի մոտ իրեն զինվորական կոմիսարիատից զանգահարել են, հետաքրքրվել են, թե «այս անուն, ազգանունով բնակիչ ունե՞ք, դեպք է պատահել, հարազատներին տեղեկացնենք»։ 

«Գնացինք, տատիկին ու պապիկին ասացինք։ Հայրը և մայրն ամուսնալուծված են, բնակվում էր մայրիկի հետ Մասիսի տարածաշրջանում։ Կոնկրետ չգիտեմ, թե որ գյուղում, բայց հաշվառված էր Արտաշարում։ Փաստաթղթերի հարցը լուծեցին, էս տարի էլ էրեխեն զորակոչվեց բանակ։ Գալիս-գնում էր, պապիկն էլ, հայրիկն էլ գնում գալիս էին տեսակցության»,- նշեց Օհանյանը։

Արտաշարի համայնքապետն ասաց, որ Արթուր Աջամյանի հայրն ներկայումս արտերկրում է, միայն պապիկն ու տատիկն են գյուղում։ Աջամյանի սոցիալական վիճակի վերաբերյալ նա ասաց «Ոչ շատ լավ, ոչ շատ վատ, միջակ ապրող։ Սոցիալական խնդիր չկար, որ ասեմ՝ սոցիալական խնդրից կարող էր եղած լինել։ Որովհետև պապիկի կողմից էլ միշտ ֆինանսական աջակցություն ստանում էր, արձակուրդ եկավ»։ 

Մանվել Օհանյանն ասաց, որ այսօր Արթուր Աջամյանի ծննդյան օրն էր։

«Պապիկը երեկ հետը խոսացել էր։ Այսօր առավոտյան, որ եկանք, մինչև կողմնորոշվենք, թե ոնց իրենց տեղեկացնենք, ինքը խոսք բացեց «Զանգում եմ, որ էրեխուն շնորհավորեմ, էս 17 անգամ զանգել եմ, էրեխեն չի վերցնում»։ Մենք էլ ասեցինք «Ճիշտն ասած այսպիսի մի տեղեկություն ենք ստացել, որ վիրավորվել է, վատ վիճակ է իր մոտ»։ Կամաց-կամաց տեղեկացրինք միջադեպի մասին»,- եզրափակեց համայնքապետը։