Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՍԴ-ն 2018թ․-ի ապրիլից մինչև այսօր ինչո՞ւ չի կարողանում ընտրել փոխնախագահ․ Վլադիմիր Վարդանյանը հակադարձում է (տեսանյութ)

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն, արձագանքելով ընդդիմադիր խմբակցությունների դիտարկումներին՝ կապված Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագծին, հանձնաժողովում ելույթ ունեցավ։

«Այն Սահմանադրական դատարանը, որը նախաձեռվել է 2015թ․ ընդունված Սահմանադրությամբ ձևավորվելու է 2037թ․-ին։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, վայ այն պետությանը, որը ցանկանում է ձևավորել ցանկալի, լոյալ դատական համակարգ, այդ լոյալ դատական համակարգի արդյունքը, որպես կանոն, այդ իշխանության վախճանի հիմքն է լինում։ Դուք շատ լավ գիտեք նախկին պրոցեսը։ Ենթադրենք` համամիտ եմ Ձեզ հետ, որ Սահմանադրական դատարանում չկա ճգնաժամ, ինձ մի հարցի պատասխան կարո՞ղ եք տալ՝ ՍԴ-ն 2018թ․-ի ապրիլից մինչև այսօր ինչո՞ւ չի կարողանում ընտրել փոխնախագահ։ Դիցուք, եթե համաձայնվեմ պարոն Պետրոսյանի հետ, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի աշխատում և աշխատավարձ է ստանում, այդ վարքագիծը Սահմանադրական դատարանում որևէ եղանակով գնահատվե՞լ է, թե՞ ոչ։ Այս հարցերի վերաբերյալ ՍԴ-ում որևէ քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև այլ հարցեր բարձրաձայնեց և ընդգծեց, որ իր հարցերը քաղաքական բնույթի չեն, այլ միայն՝ իրավական։

Վլադիմիր Վարդանյանի ելույթին արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ձեր թիմակիցը, ում առաջադրել էիք ՍԴ դատավորի պաշտոնում և ընտրեցիք, ասել է, որ Հայաստանում Սահմանադրական դատարան չկա, դրա համար էլ ես նիստերին չեմ մասնակցում։ Եթե ՍԴ չկա, ի՞նչ ենք հիմա մենք քննարկում»,- եզրափակեց նա։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագիծը դրեց քվեարկության, այն դրական եզրակացություն ստացավ։