Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սուր խոսակցություն՝ Արսեն Թորոսյանի և «Իմ քայլի» պատգամավորի միջև (տեսանյութ)

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր՝ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ ընթերցումը հարթ չանցավ։

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ առաջարկվում է 3 փոփոխություն՝ կարգավորել մեծածախ առևտրով զբաղվող տնտեսավարողների համար լիցենզավորման պարտավորության ժամկետները, պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետը մեկ տարով հետաձգել, որպեսզի լիցենզավորման գործընթացն անցնելուց հետո տնտեսավարողները ևս մեկ տարի ժամանակ ունենան պատրաստվելու սույն պատշաճ բաշխման հավաստագրով նախատեսված փոփոխություններն իրականացնել ու անցնցում անցում կկատարեն, և երրորդ փոփոխությունը վերաբերում է առողջապահական պետական, նպատակային ծրագրի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված, դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին զանգվածային լրատվամիջոցներում հանրային իրազեկում իրականացնելու կարգավորումներին։

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նախագծի ներկայացումից հետո որոշ դրույթներ առանձնացրեց, որոնք, ըստ նրա, հակասում են օրինագծին։

Ելույթներ ունեցան նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Լուսինե Բադալյանը։ Երկուսն էլ նշեցին, որ այստեղ կոռուպցիոն ռիսկ կա։

Քրիստինե Պողոսյանը պայմանական օրինակով բացատրեց․

«Ես արտադրող եմ և գալիս եմ ու ասում՝ տիկին Ավանեսյան ջան, խնդրում եմ այս գումարը վերցրեք և հնարավորինս շատ իրազեկեք, այսինքն՝ գովազդեք և ասում եմ՝ կարող եք այնպես անել, որ պետպատվերով մենք տալիս ենք իբուպրոֆենի կոնկրետ այս բանը, խնդրում եմ գնացեք բոլորդ ձեր պոլիկլինիկաներում ձեր հասանելիք պրեպարատը ստացեք, բնական է, չէ՞, երբ տատիկը միացնում է հեռուստացույցը և տեսնում է, որ պետական կառույցի ներկայացուցիչը ասում է, որ իբուպրոֆենի 30 արտադրանքից կոնկրետ այդ տեսակն է տալիս, ուրեմն նշանակում է, որ վստահություն կա այդ ֆիրմայի արտադրանքի վերաբերյալ։ Եվ հաջորդ անգամ մարդիկ ավտոմատ գնալու են և գնեն այդ դեղը։ Դուք ասում եք՝ մենք այլ բան նկատի ունենք, մենք այլ բան չենք անի, ներողություն, բայց ես ոչ ոքի չեմ վստահում»։

Քննարկմանը միացավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և խնդրեց պատգամավոր Քրիստինե Պողոսյանին բացատրել, թե ի՞նչ կոռուպցիոն ռիսկի մասին է խոսքը։ Տիկին Պողոսյանը կրկին օրինակներ բերեց, ապա նախարարին հարց տվեց․

«Կարո՞ղ եք երաշխավորություն ներկայացնել, որ Ձեր բոլոր փոխնախարարների համար, որ որևէ մեկը կոռուպցիոն ռիսկի մեջ չի ներգրավվի, իսկ ես Ձեզ ասեմ, որ մի քանի ամիս առաջ Ձեր փոխնախախարը կոռուպցիոն ռիսկի մեջ է մեղադրվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։