Գիտաժողովը, որքան էլ զարմանալի է, մեծ արձագանք ունեցավ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում. Մայա Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի լրանում է հայ պարբերական մամուլի առաջնեկ «Ազդարար»-ի 225-ամյակը:
Այս կապակցությամբ, ինչպես նաեւ 2019թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից «Ընտանիքի տարի» եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի կողմից «Հայ մամուլի տարի» հռչակելու առթիվ Հայաստանի ազգային գրադարանի նախագահական դահլիճում մեկնարկել է երկօրյա գիտաժողով։
Գիտաժողովի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցեց Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ Մայա Գրիգորյանի հետ։
Վերջինս ասաց, որ գրադարանը, լինելով հայ պարբերական մամուլի առավել ամբողջական և լիարժեք և ամենամեծ պահոցն ամբողջ աշխարհում, ստանձնեց այս գիտաժողովի կազմակերպումը։ ««Ազդարար»-ը, լինելով առաջնեկ, ուղղակի խթան հանդիսացավ հայ պարբերական մամուլի տպագրության համար։
«Գիտաժողովի ընթացքում փորձել ենք հետագա տարիներին տպագրված բոլոր պարբերականներ կամ նրանց տպագրության պատմություններն ընդգրկել։ Գիտաժողովը, որքան էլ զարմանալի է, մեծ արձագանք ունեցավ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում. մասնակիցների քանակով գերազանցեց մեր սպասելիքները. մասնակիցները 42-ն են և՛ Հայաստանից, և՛ Սփյուռքից», - նշեց բաժնի վարիչը։
Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվել են նաև ցուցահանդեսներ նվիրված «Ազդարար»-ի վերաբերյալ հիշատակումներին և տարբեր ժամանակների մանկական ամսագրերի տպագրություններին։