Բացել լրահոսը Փակել լրահոսը
76611022_806105653176435_4639693762157608960_n
A A
Քաղաքականություն

Հայ և ադրբեջանցի պատգամավորների փոխայցելության հարց չի քննարկվում․Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերին՝ նշելով․

«Այս փոխայցը իրոք կարևոր էր՝ հաշվի առնելով, որ 2001 թվականից ի վեր նման բան տեղի չէր  ունեցել, և բնականաբար, քանի որ լրագրողները հասարակության ներսում քննարկումներ առաջացնող մարդիկ են, ես կարծում եմ, որ փոխայցերը իսկապես կարևոր էին։ Կարևոր էր նաև այն, որ ադրբեջանցի լրագրողները եղան Արցախում, թե ինչ կգրեն, ինչպես կմեկնաբանեն մեկ այլ հարց է՝ հաշվի առնելով այնտեղ ցենզուրան, վերահսկողությունը, ես չեմ կարծում՝ իրենք իրենց խոսքում կարող են իսկապես անկեղծ լինել, այնուհանդերձ՝ միայն այն հանգամանքը, որ իրենք եղան այնտեղ և տեսան, որ առկա իրավիճակը որևէ կերպ չի համապատասխանում իրենց կարծրատիպերին, ևս մեծ ձեռբերում է»։

Պատգամավորի խոսքերով՝ ընդհանուր առմամբ սա տեղավորվում է նաև մեր կողմից առաջ քաշված հումանիտար միջոցառումների համտեքստում՝ փոխվստահության մթնոլորտ, որոշակի շփումների ապահովում, որոնք կօգնեն փոքր-ինչ նվազեցնել ատելության մթնոլորտը գոնե այս պահի դրությամբ։

«Երբ մենք ասում ենք՝ ունենք մեր օրակարգը և դրանով ենք առաջ գնում, առաջնային կետը հենց վերաբերում է դրան, որ մթնոլորտը որոշակիորեն առողջանա և խաղաղության դիսկուրս բացվի Ադրբեջանում, որը այս պահի դրությամբ տեղի չի ունենում։ Ալիևին քննադատող ընդդիմությունը կողմնակից է պատերազմական գործողությունների վերսկսմանը և ընդհանուր առմամբ՝ այդ տրամադրությունները առկա են»։

Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձավ Սումգայիթ քաղաքի 70-ամյակի առիթով տեղի ունեցած միջոցառումների ընթացքում Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հայտարություններն, թե Լեռնային Ղարաբաղում դեռևս Հեյդար Ալիևը փորձում էր դեմոգրաֆիական պատկեր փոխել։ Պատգամավորն ասում է՝ դեռևս 2002 թվականին Հեյդար Ալիևը  իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ փորձել է ամեն ինչ անել, որ ԼՂ-ում ադրբեջանցիների թիվը հնարավորինս ավելանա։

«Դա հստակ ցույց է տալիս այն քաղաքական գիծը, որը նրանք շարունակել և շարունակում են»։

Ինչ վերաբերվում է բանակցային գործընթացին, պատգամավորն ասում է՝ առաջիկայում սպասվում է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, և ըստ Հայրապետյանի՝ հիմնականում խոսքը կգնա փոխվստահության մեխանիզմների կամ դրա ուղղությամբ հնարավոր աշխատանքների մասին։

«Ա1+»-ի հարցին, թե մամուլում տեղեկություններ կային, որ առաջիկայում սպասվում է նաև հայ եւ ադրբեջանցի պատգամավորների փոխայցելություններ, ունի՞ արդյոք նման տեղեկատվություն, Հայրապետյանն ասաց , որ ոչ մի նման հարց չի քննարկում․

«Մեր շփումները ադրբեջանցի պատգամավորների հետ սահմանափակվում են խորհրդարանական դիվանագիտության հարթակներում»,- ասաց նա։