Չեմպիոնների լիգա. «Ռեալի» փրկությունը, Լևանդովսկու ռեկորդը, Մոուրինյոյի ֆանտաստիկ վերադարձը
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացան 5-րդ տուրի առաջին ութ հանդիպումները:
A խմբի առաջատար Փարիզի «ՊՍԺ»-ն հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ռեալի» հետ՝ 2:2, չնայած մինչև 80-րդ րոպեն զիջում էր 0:2 հաշվով: Ի դեպ, հանդիպման 43-րդ րոպեին գլխավոր մրցավարը ոչ միայն 11մ հարված նշանակեց «Ռեալի» դարպասին, այլև հեռացրեց տանտերերի դարպասապահ Կուրտուային, սակայն ՎԱՐ համակարգով մի քանի անգամ դիտելով այդ դրվագը, նա երկու րոպե անց չեղարկեց իր որոշումները: Այդպիսով, մադրիդցիները վաստակեցին իրենց անհրաժեշտ մեկ միավորը և երկրորդ տեղով մտան փլեյ-օֆֆ:
B խմբի առաջատար Մյունխենի «Բավարիան» Բելգրադում պարզապես ջախջախեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» և տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը՝ 6:0: Հյուրերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին սահմանեց մրցաշարի նոր ռեկորդ՝ 15 րոպեում դառնալով չորս գոլի հեղինակ:
Այս խմբում 2-րդ տեղը գրավեց Լոնդոնի «Տոտենհեմը», որը սեփական դաշտում 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Օլիմպիակոսի» նկատմամբ, չնայած առաջինը երկու գնդակ բաց թողեց: Սա առաջին դեպքն է, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթանակ է տանում լիգայում 0:2 հաշվով պարտվելիս: Լոնդոնցիները վաստակելով 10 միավոր, անհասանելի դարձան մյուս երկու մրցակիցների համար:
C խմբում գրանցվեց օրվա գլխավոր անակնկալը: «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում չկարողացավ հաղթել Դոնեցկի «Շախտյորին», չնայած առաջինը բացեց հաշիվը: Գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Չնայած միավորների կորստին, անգլիական ակումբը ժամանակից շուտ մտավ փլեյ-օֆֆ: Իսկ ահա 2-րդ տեղ բարձրացած «Շախտյորը» մյուս ուղեգրի համար պետք է պայքարի Զագրեբի «Դինամոյի» և «Ատալանտայի» հետ, որոնք ետ են մնում ընդամենը 1-2 միավորով:
D խմբում առաջին տեղը վստահորեն գրավեց Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը», որը այս տուրում իր հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին» և վաստակեց 13 միավոր: Պաոլո Դիբալան ֆանտաստիկ գոլ խփեց տուգանային հարվածով, չնայած գտնվում էր անկյունային դրոշի մոտակայքում:
Այստեղ երկրորդ տեղի համար կպայքարեն «Աթլետիկոն» ու գերմանական «Բայերը», որը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Ռուսաստանի չեմպիոն «Լոկոմոտիվին» և վերջինիս դուրս թողեց մրցաշարից:
Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի մնացած ութ հանդիպումները: