Հեղափոխություն է տեղի ունեցել, բայց այն մուտք չի գործել իրավապահ համակարգ․ ակցիա՝ Ոստիկանության շենքի դիմաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ռեսատարտ» նախաձեռնության անդամներն այսօր ակցիա էին իրականացնում ՀՀ ոստիկանության դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։
«Հեղափոխությունը չի կարող ավարտված լինել, եթե մենք ունենք իրավապահ մարմիններ՝ հին մտածողությամբ, հին վարքագծով, հին մշակույթով»,-նշեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։
Նախաձեռնության մեկ այլ անդամ Յուրի Ավագյանն էլ ասաց՝ ոստիկանապետի հետ հանդիպմանը փորձելու են պարզել՝ ինչպես է ստացվել, որ հեղափոխություն է տեղի ունեցել, բայց այն մուտք չի գործել իրավապահ համակարգ․
«Իրավապահ համակարգ ասելով՝ նկատի ունենք ոստիկանությունից մինչև դատական համակարգ։ Մենք նախատեսում ենք այս արշավի ընթացքում այցելել նաև Օրենսդիր մարմին և Կառավարություն։ Մենք ցանկանում ենք հանդիպել ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, որոշակի հարցադրումներ ունենք նրան՝ հետհեղափոխական ոստիկանության գործունեության և կեցվածքի վերաբերյալ, նրանց կատարած աշխատանքի և դեռևս սպասվող բարեփոխումների վերաբերյալ, և մեր այստեղ գալու նպատակը երկխոսությունն է»։
Երիտասարդները պահանջում էին, որ հանդիպումը լինի բաց բոլոր լրատվամիջոցների համար։
Հարցին, թե ի՞նչ են հատկապես պահանջում՝ ոստիկանական համակարգի արմատական վերափոխո՞ւմ, թե՞ նոր գործելակերպ, Դավիթ Պետրոսյանն արձագանքեց․
«Իմ կարծիքով՝ 2018 թվականի ապրիլին զանգվածային, նախադեպը չունեցող ժողովրդական շարժումը ցույց տվեց, որ ժողովուրդը չի վստահում իրավապահ համակարգին, բոլոր իրավապահ մարմինների հետ կապված՝ պետք է տեղի ունենան շատ լուրջ ռեֆորմներ»։
Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը համաձայնեց հանդիպել նախաձեռնության անդամներին փակ փորմատով, երիտասարդներն այս ֆորմատին չհամաձայնեցին։