Վայոց Ձորում ծեծի ենթարկված Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծանր
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 18-ի գիշերը Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում ծեծի ենթարկված սպա Արա Մխիթարյանը շարունակում է մնալ կոմայի մեջ: Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ շատ ծանր, «Մուրացան» զինվորական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է։
Այս «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի սահման» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան, պահեստազորի գնդապետ Գևորգ Հովհաննիսյանը, որն այսօր այցելել էր Արա Մխիթարյանին:
Անդրադառնալով Քննչական կոմիտեի՝ նոյեմբերի 18-ին տարածած հայտարարությանը , թե ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ծեծի ընթացքում դեպքի վայրում չի եղել, Հովհաննիսյանն ասաց, որ իրականում գործով ձեռք բերված այլ ապացույցներով էլ հիմնավորվում է, որ եղել է։
«Ես գտնում եմ, որ գործով ձեռք բերված և առկա ապացույցները հակասում են իրար, ընդ որում առկա են էական հակասություններ։ Գործով վկաները (զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանը –հեղ․) նախկին մարզպետի հետ առերես հարցաքննությունների ժամանակ պնդել են, որ ներկա է եղել։ Այսինքն՝ հիմա ի՞նչ է ստացվում․ մարդկային գործոնի վրա հիմնված ապացույցները համարվում են ոչ արժանահավատ, տեխնիկական միջոցներով նշված, ձեռք բերված ապացույցներն՝ արժանահավա՞տ։ Այն դեպքում, երբ տեխնիկական միջոցները հնարավոր է համապատասխան կարգավորիչներով բերել նույն ռեժիմի դաշտ՝ իբրև թե հենց այդ ժամին է եղել և ներկայացնել փորձաքննության»,- նշեց Հովհաննիսյանը։
Իրավապաշտպանն առավել արժանահավատ է համարում մարդային գործոնով պայմանավորված ապացույցները, «նամանավանդ, երբ գործ ունենք ոչ թե կասկածելի վարք, բացասական բնորոշիչներ ունեցող մարդկանց հետ, այլ՝ սպայական կազմի հետ»։
«Իրավունքի սահման» ՀԿ-ի ղեկավարը նշեց, որ որպես քննչական աշխատանքի փորձ ունեցող մարդ ասում է, որ չի կարող այդպես լինել, երբ մարդ չունենա հստակ տեղեկություն, որ այդ անձը (Տրդատ Սարգսյան – հեղ․) ներկա չի եղել, և եթե այդ մարդիկ տվել են ակնհայտ կեղծ ցուցմունքներ, և էական հակասություններ կան այդ ապացույցների հետ, թող պատասխանատվության ենթարկվեն։ Ըստ նրա՝ տարբերակվում է գնահատման ենթակա երկու հանգամանք․ առաջին՝ բուն մարմնական վնասվածք պատճառողը, երկրորդը՝ ականատես վկաների կողմից անգործություն դրսևորելը, որ այդ դեպքը կանխվեր (սպային ծեծելը – հեղ․)։
«Խնդիրը հենց նախկին մարզպետին է վերաբերում, որ կարծում եմ շուտով մի նոր հարմար պաշտոն կստանա՝ որպես պարգևատրում։ Ես նորից եմ ասում․ այդ մարդը եղել է այն անձը, որ ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ քայլել է,հետևաբար Փաշինյանը թույլ չէր տա նրան թողնել այդ վիճակում։ Ես կարծում եմ, որ հնարավոր բոլոր միջոցները գործադրվելու են,ինչն առկա է մնացած բոլոր դեպքերում։ Պետական մեխանիզմն աշխատում է կառավարման համակարգի բացերը ծածկելու՝ թվացյալ առավելությունները ցույց տալու համար։ Իրականում կառավարման համակարգը կոլապսի մեջ է, նրանք չեն տիրապետում իրավիճակին»։
Հարցին, թե գործով քննչական գործողություններն օբյեկտի՞վ են և ո՞վ է մասնակցում Արա Մխիթարյանի կողմից, պահեստազորի գնդապետն ասաց, որ «այս իշխանությունները հավերժ չեն և կարճ ժամանակ հետո դա լրիվ կբացվի, թաքցված գործ երբեք չի մնա, կբացվի կտեսնենք, թե ով ինչ է արել», և Մխիթարյանի հայրը դեռևս կարիք չի տեսնում, որ իրենց կողմից քննչական գործողությունների մասնակից լինի։
«Ես ծնողների հետ, ընտանիքի հետ խոսեցի, ասեցի՝ «Երբ կարիք կունենաք, մենք կարող ենք կազմակերպել», ասաց՝ «Հլը դրա կարիքը չկա; Էս պահին իմ որդու առողջական վիճակն է ինձ հետաքրքրում»»,- մանրամասնեց իրավապաշտպանը։
Հովհաննիսյանը նախկինում «Ա1+»-ի հետ զրույցում նաև նշել է էր Մխիթարյանի բուժումը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի՝ «Բուրդենկո» նյարդավիրաբուժության ազգային բժշկական հետազոտման կենտրոնում իրականացնելու հնարավորության մասին։ Հարցին, թե ի՞նչ նորություն կա այս ուղղությամբ, «Իրավունքի սահման» ՀԿ նախագահն ասաց, որ բժիշկները Մխիթարյանի հորն ասել են, որ դեռևս դրա կարիքը չկա, և «Մուրացան»-ում հնարավորն արվել և արվում է։ Իրավապաշտպանը հավելեց, որ քանի որ հակառակորդի կողմից (նկատի ունի – Ադրբեջանը կամ այլ հնարավոր հակառակորդ) վիրավորման դեպք չէ, ուստի երկրից դուրս հանելու օրենսդրական հիմքերը բացակայում են։
«Չեմ հասկանում, թե ինչու։ Եթե կյանքի և մահվան խնդիր է և ըստ էության կարևոր նշանակություն ունի բացահայտելու զինծառայողի դեմ ոտնձգություն կատարող անձին (քանի որ նրա վերկանգնվելն արդարության հասնելու համար 1 երշխիքն է)։ Նմանօրինակ դեպքերով և տեղափոխելու հնարավորությունը, օրինակ, պետք է թողնվի Պաշտպանության նախարարի հայեցողությանը»,- եզրափակեց «Իրավունքի սահման» ՀԿ նախագահը։
Հիշեցնենք, որ Եղեգնաձորում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր եղել։Միջադեպի ժամանակ ծեծի հետևանքով փոխգնդապետ Արա Մխիթարյանը տեղափոխվել էր հիվանդանոց՝ «Փակ ծանր ԳՈՒՎ. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալհեմատոմա՝ արտահայտված քունք տենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբհիվանդացում։
Միջադեպի կապակցությամբ սեպտեմբերի 22-ին կալանավորվել էր Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, իսկ հոկտեմբերի 2-ին ձերբակալվել և հոկտմբերի 4-ին կալանավորվել էր մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրված ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջադեպին որպես մասնակից շրջանառվում է նաև Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը, սակայն վերջինս հերքում էր իր մասնակցությունը, իսկ նոյեմբերի 18-ին Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ տեսաձայնագրությունների և հեռախոսազանգերի վերծանումների փորձաքննություններով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է, որ Սարգսյանի՝ ծեծի ընթացքում բնակարանից չբացակայելու և դեպքի վայրումչլինելու հանգամանքը։
Դեպքի կապակցությամբ Տրդատ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով․ «․․․ առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս․․․ Աղոթում եմ Արա Մխիթարյանի ապաքինման համար»։
Քննչական կոմիտեի նոյմեբերի 18-ին տարածած հայտարարության մեջ նշված էր նաև, որ «զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Հարություն և Զավեն Գրիգորյանները բռունցքով և մահակով հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխի շրջանին ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս: Մեղադրյալներ Հարություն և Զավեն Գրիգորյանների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը»: