Վրաստանի խորհրդարանի մոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄի քանի վրան Վրաստանի խորհրդարանի մոտ։ Շատ դժվար է հասկանալ` ներսում կան մարդիկ, թե ոչ։ Մի վրանում վերջապես նկատվում է շարժ։
Դուրս են գալիս երեք հոգի, բարեւում, բայց հրաժարվում հարցազրույց տալ։ Միայն ասում են` պայքարը շարունակվում է, եւ հաջորդ շաբաթ մեծ ակցիա է սպասվում։ Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 14-ից, երբ խորհրդարանն մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը որի համաձայն 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով: Մինչդեռ «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ, Վրաստանի՝ արդեն նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ամռանը քաղաքացիներին խոստացել էր 2020-ին անցում կատարել համամասնական ընտրակարգին:
Ընդդիմությունը հայտարարել է, որ վրանային այս լռությունը հարաբերական է։ Նրանք մտադիր են նոյեմբերի 25-ին կրկին մեծ ակցիա հրավիրել Թբիլիսիում՝ փորձելով տապալել խորհրդարանի՝ նոյեմբերի 26-ին նշանակված նիստը։ Նրանց չի վախեցնում հանգամանքը, որ ոստիկանությունը, ինչպես նոյեմբերի 18-ին, կարող է ջրցան մեքենաների և այլ միջոցների կիրառմամբ ցրել ցույցը։
Ի դեպ, մեր զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ տեսալուսանկարահանվել, ցույց տվեց քիթը՝ վստահեցնելով, որ այն վնասվել է ոստիկանական գործողության ժամանակ։