Բացել լրահոսը Փակել լրահոսը
70897529_424054111610491_837914498445606912_n
A A
Հասարակություն

Մինչև երեխա որդեգրելը պետք է համապատասխան ծրագրերի մասնակցեն․ Սուրեն Քրմոյան (տեսանյութ)

«Երեխաների անձնական տվյալներ հրապարակելը թույլատրվում է բացառիկ դեպքերում։ Երկու հիմք ունենք՝ հանրության շահը և երեխայի լավագույն շահը», այդ մասին «Երեխայի նկատմամբ ընտանիքում բռնության դեպքերի զգայուն լուսաբանում» ծրագրից հետո լրագրողների հետ զրույցում  նշեց Արդարադատության նախկին փոխնախարար, ներկայումս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական  Սուրեն Քրմոյանը։

Նա ընդգծեց, որ սոցիալապես անապահով երեխայի մասին նյութ հրապարակելիս պետք է ծածկել կամ փոխել երեխայի անունը, որպեսզի չբացահայտվի երեխայի ինքնությունը։ Նկար կամ անձնական տվյալներ ու մանրամասներ կարելի է հրապարակել այն դեպքում, երբ երեխան կորել է և որոնվում է։

Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ վտանգավոր դեպքերը բացառելու համար քայլեր են ձեռնարկվել։ ՄԻՊ եվրոպական գործընկերների հետ համապատասխան ուղեցույց է հրապարակվել, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մեթոդական ուղեցույց է հրապարակել, որն արդեն առկա է համացանցում։ Դպրոցներում և բժշկական հաստատություններում ևս պետք է իրազեկման և կրթական ծրագրեր իրականացվեն։

Սուրեն Քրմոյանը անդրադարձավ նաև որդեգրման հետ կապված խնդիրներին՝ նշելով, որ այս ուղղությամբ ևս օրենսդրական նոր փոփոխություններ են իրականացվել։ Այժմ երեխա որդեգրել ցանկացող անձինք մինչև որդեգրելը պետք է համապատասխան ծրագրերի մասնակցեն՝ սովորելով՝ ինչպես վերաբերել որդեգրված երեխային։

«Նախկինում որդեգրումը ընտանիքի և երեխայի իրավունքն էր, հիմա առաջնայինը երեխայի լավագույն շահն է։ Ներպետական ոլորտում նախկինում չունեինք վերահսկող մեխանիզմեր, ծնողների կրթման մեխանիզմներ։ Չգիտեինք՝ սոցիալական մարմինները ինչ իրավունք և պարտականություններ ունեն։ Օրինակ՝ անարգել այցելել, շփվել երեխայի հետ` պահպանելով որդեգրման գաղտնիքը: Ես լիահույս եմ, որ սոցիալական մարմիների այդ վերահսկողությունը կարող ենք իրականացնել։ Եթե առանցքում դնենք երեխայի իրավունքը, ընտանիքում դաստիարակվելու և խնամվելու, և ամբողջ օրենսդրությունը այդ սկզբունքի վրա կառուցենք, պրակտիկ արդյունքր միանշանակ կտեսենենք»,- ավելացրեց նա։