Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133580
A A
Հասարակություն

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի գիտակրթական ապագան․ քննարկում (տեսանյութ)

Կրթության, գիտության, Մշակույթի եւ սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը նշում է՝ ևս 10-11 օրով կերկարաձգեն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախագծի հանրային քննարկումները, և այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան այն կտեղադրվի նախարարության կայքում, որից հետո կդրվի «Ի-դրաֆթ» կայքում։

Այդ մասին նա նշեց «Մեդիա Կենտրոն» մամուլի ակումբում ընթացող քննարկման ժամանակ։

Գիտությունների ազգային ակադեմիայի Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի կարծիքով՝ շտապողականություն է դրսևորվում օրինագծի հարցում, և պետք է բոլոր մտահոգությունները, քննարկումները հաշվի առնվեն։ 

«Ըստ երևույթին՝ 5 կամ 10 հոգի են աշխատել այս նախագծի վրա, բայց այդ՝ նախագծի քննարկմանը մասնակցում է գրեթե ողջ գիտակրթական համակարգը։ Անպայման նախագծի հեղինակները պետք է հաշվի առնեն մեր հանրության կարծիքը՝ գիտական և կրթական հանրության կարծիքը»,- ընդգծեց նա։

Ըստ ինստիտուտի տնօրենի՝ պետությունը պետք է արժեվորի հայոց լեզուն, և ըստ երևույթին՝ հաջորդ քայլը նախարարության կողմից լինելու է Լեզվի մասին օրենքի փոփոխությունը, քանի որ օրինագծում ասվում է, որ դասավանդումը թողնվում է բուհերի հայեցողությանը։ Կատվալյանը նաև անդրադառնում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությանյանի՝ դասախոսներին համոզելու հորդորին և հարցադրում անում, թե ո՞ւմ համոզեն և ինչո՞ւ համոզեն։

Ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի համար ընդունելի է ԿԳՄՍ նախարարության այն մոտեցումը, որ Հայաստանում և՛ կրթությունը, և՛ գիտությունը վաղուց  համակարգային ճգնաժամի մեջ են, ուստի լուծումները պետք է համակարգային լինեն։ «Որպես հետազոտող՝ ես այստեղ ստիպված եմ դնել վերջակետ և ասել, որ այդ մոտեցմամբ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքը պիտի լիներ ամենավերջին փաստաթուղթը, որ պիտի բերվեր հանրային քննարկման»,- սակայն նշեց ազգագրագետը։ 

Ըստ նրա՝ ինքը, որպես մասնագետ, պիտի ունենար նախարարության և համապատասխան փորձագիտական խմբերի գիտականորեն հիմնավորված հրապարակային տեքստերն առ այն, որ համակարգային ճգնաժամի լուծման լավագույն տարբերակը բարձրագույն կրթության և գիտության ինտեգրացիայի առաջարկվող մոդելն է։ 

Շարունակելով՝ Գաբրիելյանն ասաց, որ պետք է տեսանելի լիներ ճանապարհային քարտեզը, որտեղ հստակ պետք է երևար, թե ինչ ենք ունենալու 10 տարի հետո, 15 տարի հետո, առաջարկվող փոփոխություններն ինչպես են նպաստելու, որոնք պետք է լինեին թվերով, փաստերով, բյուջեով, ժամանակացույցով, փաստերով, որոնցով չափելի և տեսանելի արդյունքները կլինեին։ 

«Եթե կան, ես պատրաստ եմ քննարկել։ Եվ ամենակարևորը՝ օրենքն, ըստ էության, առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում գիտության և բարձրագույն կրթության զարգացման նոր փիլիսոփայություն, որովհետև ակադեմիական թեկուզ որոշ հիմնարկություններ համալսարան տանելը (պայմանական եմ ասում), ենթադրում է մոդելի փոփոխություն»,- շեշտեց Մխիթար Գաբրիելյանը՝ հավելելով, որ չի տեսնում ԿԳՄՍ առաջարկի գիտական փաստարկվածությունը։ Նա նաև նշեց, որ չի տեսնում ևս մեկ կարևոր բաղադրիչ՝ հանրակրթություն, բուհական կրթություն և հետբուհական կրթություն շղթան։ Ազգագրագետին՝  որպես մասնագետի չի բավարարում հանրակրթական ու բուհական փոփոխություններում արագության ընթացքը, քննարկումներում համագործակցային մակարդակը։ 

Վիկտոր Կատվալյանն ասաց, որ սովորաբար գիտական հաստատություններում քննարկումներ, գիտաժողովներ են ընթանում, աշխատություններ են հրապարակվում։ «Ո՞վ է կարդացել մեր գիտական հաստատությունների բոլոր աշխատությունները և հայտնաբերել, որ այնտեղ ճգնաժամ է, ի՞նչ իմացաք՝ ճգնաժամ է, ինչի՞ մասին է խոսքը, ինչպե՞ս պիտի զարգանա։ Մեզ ասում են՝ «Դրսում հրապարակումներ չունեք»։ Ինչպե՞ս ունենանք, Դուք գիտե՞ք, որ դրսում մեկ հրապարակման համար 100-500 դոլար փող է պետք, իսկ գիտնականը ստանում է 100 դոլարից պակաս աշխատավարձ երբեմն»,- հարցադրում արեց  նա՝ կոչ անելով գալ և ինստիտուտներում հանդիպել ու քննարկումներ կազակերպել գիտխորհուրդներում։

Ըստ Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմաբան Վահագն Հակոբյանի՝ բարեփոխումների անհրաժեշտությունը կա, սակայն ԿԳՄՍ նախարարությունը քննարկումները սկսում է ոչ թե հիմնական շահառուներից, այլ վերցնում է ինչ-որ տեղերից պատրաստի մոդելներ կամ գուցե թարգմանում է, մի քանի շտրիխներ փոխում է և փորձում արհեստականորեն ներդնել։ 

«Որպես կանոն՝ այդպիսի փոփոխությունները ձախողվում են, որովհետև մարդիկ՝ լինեն ուսանողներ, լինեն դասախոսներ, լինեն գիտնականներ, իրենք պետք է դրա մասնակիցը դառնան։ Այսինքն՝ իրենք պետք է գիտակցեն հեռանկարը․ ինչ են փոխում, ինչու են փոխում և սա իրենց ինչ է տալու»,- շարունակեց պատմաբանը՝ հավելելով, որ պետք է փոխոխությունները սկսվեին ոչ թե վերևից ներքև, այլ՝ հակառակը։

ԿԳՄՍ խորհրդականը օրինագիծը շրջանառության մեջ դնելու շտապողականությունը պարզաբանեց նրանով, որ կրթական համակարգի զարգացումն այնքան արագ է փոխվել ամբողջ աշխարհում, որ Հայաստանը տեղում դոփում է։ «Մենք որոշ կառուցվածքային վերափոխումներ ենք կատարել, բայց դրանք չենք լցրել բովանդակությամբ։ Մինչ մենք կանգնած էինք, այդ բովանդակությունը փոխվել է»,- նշեց նա։ Ըստ Կարաբեկյանի՝ երկու հարց կա լուծելու․ փորձել վերականգնել այդ հետընկնումը և տեսնել զարգացման հեռանկար։

Խորհրդականն ասաց, որ որպես կանոն ինչ-որ աշխատանքային փաստաթղթի վրա, որ պետք է քննարկվի հետագայում, սահամանափակ թվով մարդիկ են աշխատում, և բացի նախարարությունից դրա վրա աշխատել են նաև տեղական և միջազգային փորձագետներ։