Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը Իտալիայում կավարտի ընտրական փուլը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ ընտրական փուլը կավարտի Իտալիայում։

Վեց տարի առաջ, 2013թ հոկտեմբերի 13-ին, մեր ընտրանին աշխարհի 2014թ առաջնության ընտրական վերջին խաղում Նեապոլում ուժերը չափել էր Իտալիայի ազգային թիմի հետ, որն արդեն լուծել էր իր առջև դրված խնդիրը և նվաճել Մունդիալ-2014-ի ուղեգիր։ Հայաստանի հավաքականը պատվավոր ոչ-ոքի է խաղացել հզոր մրցակցի հետ՝ 2։2, թեև արդեն կորցրել էր եզրափակիչ փուլ մտնելու շանսերը և որևէ մոտիվացիա չուներ։

Այսօրվա հանդիպումը, ինչպես և վեց տարի առաջ, մրցաշարային առումով ոչ մի նշանակություն չունի կողմերի համար։ Իտալիայի հավաքականը վաղուց զբաղեցրել է առաջին տեղը խմբում և մտել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ։ Հայաստանի հավաքականն արդեն կորցրել է այդ իրավունքը։

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ թիմի հիմնական կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում, սակայն ընդհանուր նպատակը մնում է նույնը՝ հաղթել և էլ ավելի շատ վերադարձնել երկրպագուների վստահությունը թիմի նկատմամբ։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը շատ ավելի խնդիրներ ունի լուծելու։ Նախ պետք է թիմին դուրս բերել հոգեբանական ճգնաժամից։ 

Երկրորդ, նոր մոտիվացիա գտնել ֆուտբոլիստների համար։

Երրորդ, պետք է բարձրացնել հավաքականի թիմային ոգին։

Չորրորդ, վերադարձնել հավաքականի սասանված հեղինակությունը։ 

Հինգերորդ, ֆուտբոլիստներին լրջորեն տրամադրել հանդիպմանը, որպեսզի խաղի անցանկալի ընթացքի դեպքում նրանք կանգ չառնեն և չդադարեն պայքարելը։

Ինչևէ։ Այսօր Հայաստանի հավաքականին լուրջ փորձություն է սպասվում։ Սակայն, նման բարձրակարգ թիմերի հետ յուրաքանչյուր հանդիպումն ուսանելի է թե ֆուտբոլիստների, թե մարզիչների համար, պարզապես պետք է ճիշտ հետևություններ անել և օգտվել դրանից։

Եվրո-2020-ի Իտալիա – Հայաստան ընտրական հանդիպումը տեղի կունենա Պալերմոյում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։ Հուսանք, որ հանդիպումը կանցնի հետաքրքիր պայքարում և  բովանդակալից կլինի մեր թիմի համար։