Ֆուտբոլիստները եւ երեխաները
Աջակցիր «Ա1+»-ինՄիլանի «Ինտերի» արգենտինացի ֆուտբոլիստներ Խավիեր Ձանետին ու Էստեբան Կամբիասոն օգտվելով կարճատեւ հանգստից, մեկնեցին Արգենտինա` սուրբ ծննդյան տոնը իրենց հարազատների հետ դիմավորելու համար: Սակայն նրանք միաժամանակ հատուկ առաքելությամբ էին ժամանել հայրենիք:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներն այցի գնացին Բուենոս Այրեսի ամենաաղքատ Ռեմեդիոս Էսկալադա թաղամասում գտնվող հատուկ դպրոց, որտեղ սովորում են աղքատ ու չքավոր ընտանիքների երեխաները: Խավիեր Ձանետին ու Էստեբան Կամբիասոն ֆուտբոլի դասեր անցկացրին 400 երեխաների հետ, ընթրեցին նրանց հետ եւ, նվերներ բաժանեցին:
«2001 թվականին, երբ Արգենտինայում տնտեսական ճգնաժամ սկսվեց, կինս` Պաուն, ծնողներս ու ընկերներս որոշեցին ինչ-որ բան ձեռնարկել աղքատ ընտանիքների երեխաներին օգնելու համար: Ես եւ եղբայրս սկսեցին զբաղվել այդ ծրագրով, ընդ որում մենք որոշեցինք երեխաների տալ ոչ միայն ֆուտբոլային, այլեւ ընդհանուր կրթություն», - հիշում է Խավիեր Ձանետին: Նա հանդիսանում է PUPI բարեգործական հիմնադրամի նախագահը, որը օգնություն է ցույց տալիս ոչ միայն կարիքավոր երեխաներին, այլեւ հղի կանանց, ՁԻԱՀ-ով հիվանդներին, երկրի տարբեր քաղաքներում կազմակերպում է ընթերցանությունների եւ երաժշտության երեկոներ:
Հարկ է նշել, որ Արգենտինայի հավաքականի նախկին ավագը ծնվել եւ մեծացել է հենց Ռեմեդիոս Էսկալադա թաղամասում, ուստի վաղուց ծանոթ է տեղի բնակիչների հիմնախնդիրներին: