Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess amerika
A A
Սպորտ

Winter Chess Classic 2019. Հովհաննես Գաբուզյանը ուշացած հաղթանակ տոնեց

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Winter Chess Classic 2019 միջազգային մրցաշարում կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները:

Ա խմբում հանդես եկող մեր շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով հաղթեց մրցաշարի միանձնյա առաջատար Ռինատ Ջումաբաևին: Մեր շախմատիստը վաստակեց 3,5 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնական: Ավաղ, նա 7-րդ տուրում պարտություն էր կրել ետնապահ Ալեքսեյ Սարանայից և ժամանակից շուտ դուրս էր մնացել մրցանակային տեղերի համար պայքարից: Մրցաշարին մասնակցող ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը ունի 4,5 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը:

Այսօր նախատեսված վերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը կմրցի հուգարացի Վիկտոր Էրդոշի հետ, որը նույնպես 3,5 միավոր ունի: Սամուել Սևյանը սևերով կհանդիպի ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանի հետ, որը 2,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Բ խմբում հանդես եկող մեր շախմատիստ Տիգրան Կ. Հարությունյանը 4 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Նրանից մեկ աստիճանով բարձր դիրք է գրավում հայազգի մյուս գրոսմայստեր Մելխսեթ Խաչիյանը, որը վերջին երեք պարտիան ոչ-ոքի է ավարտել և այժմ ունի 4,5 միավոր: Վերջին տուրում Տիգրան Կ. Հարությունյանը սպիտակներով կհանդիպի հենց Մելխսեթ Խաչիյանի հետ: