Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 16-ը նոյեմբերի. Ֆուբոլի ֆեդերացիայի նախագահին շանտաժի են ենթարկում (տեսանյութ)

1997-ի նոյեմբերի 16-ին տեղի է ունենում Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը: Միությունն այլեւս պետական ֆինանսավորում չունի եւ դիմում է միջազգային տարբեր կազմակերպությունների՝ գոյատեւման միջոց գտնելու համար: Աստղիկ Գեւորգյանը հույս ունի, որ հաջորդ համագումարում սոցիալական հարցեր չեն բարձրացվի:

Նույն օրը նախագահ Տեր-Պետրոսյանին ընդդիմադիր ուժերը կրկին Ազատության հրապարակում են: Այս հանրահավաքում հրաժարականի պահանջ չկա, հիմնական թեման Ղարաբաղյան հակամարտության մասին նախագահի դիրքորոշումն է: Ղարաբաղի ազատամարտի վետերանները հավաքվածներին դիմում են նամակով, որտեղ ասում են, որ թույլ չեն տա Հայաստանի իշխանություններին իրենց գործը փոշիացնել:

Նույն օրը լրագրողներին հանդիպում է Հայաստանի վարչապետ Արմեն Դարբինյանը: Վարչապետն ասում է՝ մենք հարեւաններից լավ վիճակում ենք: Չնայած դրան՝ կառավարության կազմում սպասվում են փոփոխություններ: Ինքը՝ վարչապետը, չի պատրաստվում հրաժարական տալ։

1998-ի այս օրը հայկական հողում թաղելու համար Դաշնակցությունը Թբիլիսիից Հայաստան է բերել իր երեք հիմնադիրներից մեկի՝ Սիմոն Զավարյանի աճյունը։ Հուղարկավորությանը զուգահեռ 108 հոգի երդվելով անդամագրվում է Դաշնակցությանը:

Քրեական եւ զինվորական գործերով վճռաբեկ պալատի նախագահի այս նկատողությունը հնչում է 1999-ի նոյեմբերի 16-ին երրորդ եւ չորրորդ իշխանությունների առերեսման ժամանակ: Հենրիկ Դանիելյանի կարծիքով, դատավորները սխալվում են օրենքների վատ իմացության եւ նիստեր վարելու ցածր կուլտուրայի պատճառով։

Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 1999-ի այս օրը Բորիս Նազարյանը նշանակվում է Հայաստանի գլխավոր դատախազ: Նախագահը դատախազության աշխատակիցներին անկեղծորեն ասում է, որ քաղաքական իրավիճակի պատճառով է կատարում այս նշանակումը: Մեկ այլ հրամանագրով նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվում է գլխավոր դատախազի տեղակալ:

Ֆուտբոլի ֆեդերացիայում 2000-ի այս օրերին կրքերը թեժ են : Միանգամից 4 թիմի արգելվել է մտնել խաղադաշտ՝ նրանք շատ մեծ պահանջներ ունեին ֆեդերացիայից, մասնավորապես վերախաղարկել որոշ խաղեր: Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանը հասկացնում է, որ կռիվը իր եւ Միխայիլ Բաղդասարովի միջեւ է, Բաղդասարովը մտածում է թիմը ցրելու եւ Վրաստանի առաջնությունում խաղալու մասին, նրա կողքին է բենզինի մեկ այլ ներկրող եւ «Արարատ» ակումբի բաժնետեր Բարսեղ Բեգլարյանը:

Նույն օրը անվանի դերասան Խորեն Աբրահամյանը մերժում է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի առաջարկը՝ դառնալ օպերայի թատրոնի գլխավոր ռեժիսոր: Պատճառն այն չէ, որ ինքը օպերային թատրոնից ոչինչ չի հասկանում:

2001-ի այս օրը բացվում է Երեւանի պետական համալսարանի ատամնաբուժարանը: Ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն արդեն հերթի մեջ է: Բուժումն իհարկե անվճար չէ:

2001-ի այս օրը պետական բյուջեն խորհրդարանում քննարկվում է փակ ռեժիմով՝ թեման պաշտպանական ծախսերն են: Տրամադրվում է մոտ 30 միլիարդ դրամ: Գլխավոր շտաբի պետն ասում է, որ դա հերիք է, որպեսզի զինված ուժերը պահենք մարտունակ վիճակում, եւս 4 միլիոն դոլար ոլորտին տրամադրել են ամերիկացիները:

2009-ի այս օրը Հայկական ատոմակայանի տարածքից 300 մետր հեռավորության վրա հայտնաբերվում է մարտական վիճակում գտնվող ական: Պարզվում է, տեղի ունեցածը պատահականություն կամ դիվերսիա չէ: