Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Ա1+»-ը` մրցանակակիր (տեսանյութ)

Նոյեմբերի 15-ին 17 լրագրող և լրատվամիջոց արժանացավ մրցանակի փակ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրները վեր հանելու համար։ 17 հաղթող ընտրվեց 90 լրագրողական նյութերից, որոնք ուղարկվել էին 2019 թվականի փետրվարին հայտարարված երկու լրագրողական մրցույթների շրջանակներում։ 

Հաղթող հետաքննական կամ հետազոտական լրագրողական աշխատանքները, մարդկային պատմություններն ու դատապարտյալների հեղինակած նյութերը յուրահատուկ պատկերացում են տալիս Հայաստանի փակ հաստատություններում, հատուկ դպրոցներում, տուն-ինտերնատներոմ, հոգեկան առողջության կենտրոններում ապրող, բանակում ծառայող քաղաքացիների իրավունքների իրացման խնդիրների վերաբերյալ։

Լրագրողական մրցույթներն ու մրցանակաբաշխությունն անցկացվեցին  Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող երկու ծրագրերի կողմից «Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ եվրոպական նախաձեռնության» բյուջեի շրջանակներում.

  1. 1.«Հանրային հայացք՝ փակ աշխարհին.մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագիր, որը իրականացվում է «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից։ Ծրագիրը համաֆինանսավորում է Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանը։
  2. 2.«Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագիր, որը իրականացվում էՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) կողմից։

 «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» մրցույթում ներկայացված նյութերից հեղինակավոր և անկախ ժյուրին ընտրեց լավագույններին՝ հետևյալ անվանակարգերում՝

Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին ամեն օր բախվող/բախված մարդկանց ձայնի հնարավորություն ընձեռելու և համակարգային փոփոխությունները խթանելու նպատակով մրցույթի շրջանակներում սահմանվել էր հատուկ անվանակարգ՝ լրագրողական ժանրերում ստեղծագործող նախկին/ներկա բանտարկյալների համար։

«Հայացք ներսից» անվանակարգում հաղթող ճանաչվեցին հետևյալ նյութերը՝

Սոնա Մալումյան, «Ո՞վ է իրավասու դատապարտելու», Հովիկ Բաբայան «Անվերնագիր», Զաքար Զոհրաբյան «Մարդու իրավունքներ: Ներքին աշխարհ: Ներքին պայմաններ», «Հայացք ներսից» անվանակարգ՝ 140 000 ՀՀ դրամ պարգևատրումով յուրաքանչյուրին։

«Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակներում ժյուրին որոշեց մրցանակ տալ՝

1․ Մհեր Ենոքյանի «Բանտի հոգեբույժին պետք է բարձր պարգևի ներկայացնել» նյութին «Լավագույն մարդկային պատմություն» անվանակարգում՝ 180.000 ՀՀ դրամ պարգևատրումով:

2․ Մարինե Խառատյանի «Հազվադեպ են հաշմանդամներին կալանավորում, հիմնականում բանտային պայմաններից են դառնում հաշմանդամ» նյութին «Լավագույն առցանց նյութ» անվանակարգում՝ 180.000 ՀՀ դրամ պարգևատրումով:

3․ Ռոզա Վարդանյանի ««Չի կարող խոշտանգումների գործն անաչառ լսել այն մարմինը, որի ներկայացուցիչը հնարավոր հանցագործությունը կատարողն է». ՀՔԾ-ի փոխարինումը ՔԿ-ով՝ մտահոգությունների առիթ» նյութի համար տրվեց խրախուսական մրցանակ՝ 105.000 ՀՀ դրամ պարգևատրումով:

Մրցանակաբաշխության ժամանակ խրախուսական մրցանակներ տրվեցին միջազգային կազմակերպությունների և պետական կառույցների կողմից: «Ես կյանքս չեմ ավարտել բանտում, ես այնտեղ նորից եմ ծնվել» նյութի համար «Դի - Վի - Վի Ինթերնեշնլ»-ի կողմից հատուկ մրցանակի արժանացավ Շուշան Ստեփանյանը։

Արդարադատության նախարարության հատուկ շնորհակալագրին արժանացավ Ռաֆիկ Ենգիբարյանը՝ «Նռնաձոր. Հայաստանի ամենահարավային գյուղում դատապարտյալները կարող են ազատ տեղաշարժվել, աշխատել և իրենց հասարակության լիարժեք անդամ զգալ» նյութով։

ՀՀ Առողջապահության նախարարության հատուկ մրցանակը ստացան Մարինե Մարտիրոսյանն ու Վահե Սարուխանյանը՝ «Հայաստանի «փակ քաղաքները»․ հոգեբուժարաններ» նյութի համար։

Լրագրողական մրցույթի ժյուրիի կազմում էին՝

Արման Ղարիբյան, «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր,

Նինա Կարապետյանց, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ,

Շուշան Դոյդոյան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիրն նախագահ,

Արմեն Սարգսյան, լրագրող, Հանրային հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր,

Նունե Հովսեփյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ:

Մրցանակաբաշխության ուղիղ հեռարձակումը հասանելի էր Ա1+-ի եթերում։

Լրագրողական աշխատանքների մրցույթները հայտարարվել էին 2019թ.-ի փետրվարին՝ խթանելով մեդիա լուսաբանումը Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում, հանրության ուշադրությունը հրավիրելով  վերը նշված հաստատություններում մարդու իրավունքների խնդիրներին, ինչպես նաև նպաստելով մարդու իրավունքների խնդիրների լուսաբանման որակի բարձրացմանը։

Հանրային լրագրության ակումբի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարած մեդիա մրցույթների մասին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ:

Մրցանակաբաշխությանը նախորդել է  «Մարտահրավերներ և բարեփոխումներ. մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովը, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: