Ձիասպորտը ապրում է նվիրյալների շնորհիվ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ավանդույթի համաձայն տարվա վերջին ամփոփեց անցած մրցաշրջանի արդյունքները:
ՀՁՖ-ի նախագահ Հայրապետ Հայրապետյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց, որ մրցաշրջան-2009-ը կարելի է դասել դրականների թվին: «Նախեւառաջ, այս տարի ավելացել է ձիասպորտով պարապող երեխաների թիվը: Երկրորդ, ստեղծվել է ձիասպորտի նոր ակումբ, որի արդյունքում 2010-ին կավելանան մեր կողմից անցկացվող մրցումների քանակը: Բայց այս տարվա ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ մեզ հաջողվեց գրանցել Թերի Աղաջանյան-Շոփվին, ով երկար ժամանակ հանդես է եկել ԱՄՆ-ի դրոշի ներքո, իսկ 2010-ից միջազգային մրցաշարերում կներկայացնի Հայաստանը»:
Նշենք, որ 50-ամյա Թերի Աղաջանյան-Շոփվը, որը Քըրք Քըրքորյանի զարմուհիներից է, հանդես կգա գեղավարքի մրցումներին: Նա իր տրամադրության տակ ունի 20 ձի, որոնցից 5-ը «Գրան պրի» կարգի են:
ՀՁՖ-ն 2009 թվականին տարբեր նպատակներով ծախսել է 25,2 մլն դրամ: Տարվա ընթացքում եղել է նույնքան դրամական մուտք, սակայն դրանք հիմնականում կատարել է ֆեդերացիայի նախագահ Հայարապետ Հայրապետյանը եւ նրան պատկանող ձեռնարկությունները:
Ֆեդերացիայի նախագահության անդամ Գեորգի Հարությունյանն առաջարկեց ակտիվացնել անդամավճարների գործընթացը: «2009 թվականին ֆեդերացիայի կազմի մեջ մտնող ակումբները չնայած աշխուժացել են եւ բազմաթիվ մրցումներ են կազմակերպել, սակայն դրանք ֆինանսապես չեն օգնել ֆեդերացիային», - եզրակացրեց Գեորգի Հարությունյանը:
Ինչպես տեղեկացրեց Հայրապետ Հայրապետյանը, 2010 թվականին ֆեդերացիան նախատեսել է 9 մրցաշար, որոնցից երկուսը կկազմակերպի «Սիլ Գրուպ» նորաստեղծ ակումբը: Դրանք բոլորն էլ կանցկացվեն Հայաստանում: Միջազգային մրցաշարերին կմասնակցի միայն Թերի Աղաջանյան-Շոփվը: Մինչեւ փետրվարի 1-ը անցկացվելիք հաշվառումից հետո հայտնի կդռնա, թե քանի ձիասպորտով զբաղվող քանի մարզիկ եւ «մարզված ձի» կա Հայաստանում: