Բացել լրահոսը Փակել լրահոսը
PEK
A A
Հասարակություն

Տնտեսվարող սուբյեկտները կդասակարգվեն ըստ ռիսկայնության աստիճանի․ Արմեն Սաֆարյան

Պետական եկամուտների կոմիտեում անցնող տարվա ընթացքում տեղի են ունեցել փոփոխություններ։ Դրանց արդյունքում ձևավորվել են 5 բաժիններ, որոնցից երկուսը՝ ստուգող, երկուսը՝ վերլուծական և մյուսը՝ ընթացիկ ուսումնասիրությունների և դիտարկումների բաժինը։  Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը։

«Փոփոխություններն իրականացվել են հետևյալ նպատակներով՝ նախ առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ հանդիսացող երկրների միջև առևտրի դյուրինացման համաձայնագրի շրջանակներում, որը նախատեսված է բացթողնման փուլում գործառույթների պարզեցման և բացթողնման ժամանակի կրճատմանը։ Ինչպես նաև 2015 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների ղեկավարների կոլեգիալ որոշման շրջանակներում, որով նախատեսվում է նախաբացթողումային փուլից շեշտադրումները տեղափոխել հետբացթողումային փուլ»,- նշում է Արմեն Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ նախատեսում են իրականացնել մի շարք միջոցառումներ ՊԵԿ զարգացման 2020-2024 թվականների ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը հիմնականում ուղղված է լինելու գերատեսչության վերլուծություններին։ Օրինակ՝  ծրագրեր են իրականացվելու կազմակերպությունների, տնտեսվարող սուբյեկտների վերլուծության ուղղությամբ։ Դրանով գնահատվելու է կազմակերպության վարքագիծը։ Սուբյեկտները դասակարգվելու են ըստ իրենց ռիսկայնության աստիճանի՝ ցածր, միջին և բարձր։

«Այն կազմակերպությունները, որոնք իրենց գործունեության տարիների ընթացքում չեն ունեցել իրավախախտումներ, դրսևորել են թափանցիկ վարքագիծ, նրանց նկատմամբ մոտեցումներն այլ են լինելու, քան այն կազմակերպությունների, որոնք կգտնվեն ռիսկային մասում։ Նրանց նկատմամբ ավելի մանրամասն և խիստ վարչարարություն է իրականացվելու»,- ասում է ՊԵԿ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ այժմ գերատեսչությունն արդեն աշխատում է ռիսկային ցուցիչների կատարելագործման և հետբացթողումային ծրագրի ավտոմատացման ուղղությամբ։ ՊԵԿ նախագահի հրամանով արդեն ստեղծվել է հանձնաժողով․

«Դրանում ներգրավված են ՊԵԿ բոլոր շահագրգիռ ստորաբաժանումներից ներկայացուցիչներ։ Արդեն իսկ մենք աշխատում ենք տեխառաջադրանքի վրա, որով 2020-ի ընթացքում, ըստ մեր նախատեսածի, ունենալու ենք այդ ծրագրերը»,- ասում է գերատեսչության ներկայացուցիչը։

Արմեն Սաֆարյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է իր դիրքերը ԵԱՏՄ անդամ երկրների հետբացթողումային հսկողության  ստորաբաժանումների արդյունավետության գնահատման ցուցիչով։

«24 միավորի փոխարեն այսօր ունենք 61 միավոր, այսինքն մոտ 2,6-2,7 անգամ ավելի բարելավված են, ինչը արդյունք է և՛ արված կառուցվածքային փոփոխությունների, և՛ այն մոտեցումների, որոնք որդեգրված են»,- նշում է վարչության պետը։ Նա նաև նշում է՝ անցնող տարվա ընթացքում իրականացվել է 67 ստուգում և արձանագրվել է 253 միլիոն դրամի խախտում։