Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մարդու իրավունքների լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողություն (տեսանյութ)

Նոյեմբերի 15-ին մրցանակներ կտրվի 17 լրագրողների և լրատվամիջոցների փակ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրները վեր հանելու համար։ 17 հաղթողները կընտրվեն 90 լրագրողական նյութերից, որոնք ուղարկվել են 2019 թվականի փետրվարին հայտարարված լրագրողական մրցույթի շրջանակներում։ 

Հաղթող նյութերը յուրօրինակ պատկերացում կտան Հայաստանի փակ հաստատություններում ապրող քաղաքացիների մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։

Լրագրողական մրցույթն անցկացվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող երկու ծրագրերի կողմից «Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ եվրոպական նախաձեռնության» բյուջեի շրջանակներում.

  1. 1. «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագիր, որը իրականացվում է «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից։ Ծրագիրը համաֆինանսավորում է Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանը։
  2. 2. «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագիր, որը իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) կողմից։

Լրագրողական աշխատանքների մրցույթները հայտարարվել են 2019թ.-ի փետրվարին՝ խթանելով մեդիա լուսաբանումը Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում, հանրության ուշադրությունը հրավիրելով  վերը նշված հաստատություններում մարդու իրավունքների խնդիրներին, ինչպես նաև նպաստելով մարդու իրավունքների խնդիրների լուսաբանման որակի բարձրացմանը։

Հանրային լրագրության ակումբի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարած մեդիա մրցույթների մասին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ:

Երկու մրցույթի շրջանակում դիտարկվել է շուրջ 90 լրագրողական նյութ, որոնցից հեղինակավոր և անկախ ժյուրին ընտրել է լավագույններին:

Հայտարարված մրցույթի անվանակարգերն էին՝

  • Լավագույն հետաքննական նյութ
  • Լավագույն մարդկային պատմություն
  • Լավագույն հեռուստահաղորդում
  • Լավագույն հեռուստառեպորտաժ
  • Լավագույն ռադիոնյութ/պոդքասթ
  • Լավագույն առցանց նյութ
  • Լավագույն մուլտիմեդիա նյութ
  • Լավագույն ֆոտոպատմություն

Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին ամեն օր բախվող/բախված մարդկանց ձայնի հնարավորություն ընձեռելու և համակարգային փոփոխությունները խթանելու նպատակով մրցույթի շրջանակներում սահմանվել էր հատուկ անվանակարգ՝ լրագրողական ժանրերում ստեղծագործող նախկին/ներկա բանտարկյալների համար։

Մրցանակաբաշխության ժամանակ խրախուսական մրցանակներ կտրվեն միջազգային կազմակերպությունների և պետական կառույցների կողմից:

Մրցանակաբաշխությանը նախորդելու է «Մարտահրավերներ և բարեփոխումներ. մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովը, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կցվում է նաև օրակարգը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել՝ հեռ. (012) 755898, էլ. փոստ [email protected]: