Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինչպե՞ս ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը փակ հաստատություններում․ քննարկում

«Հանրային լրագրության ակումբ»-ը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ 2017 թվականից իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը՝ Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։

Ծրագիրը նպատակ ունի  նպաստել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը։

Հանրային լրագրության ակուբի նախագահ Սեդա Մուրադյանը «Մարտահրավերներ և բարեփոխումներ․ մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովի ընթացքում նշեց՝ ծրագիրը սկսվեց քաղաքական այլ իրավիճակում և վերապրեց հեղափոխություն․

«Մարդու իրավունքների առումով, մարդու իրավունքների արժեքների ամրապնդման առումով շատ կարևոր մեսիջներ են հղվում մեր երկրի բարձրաստիճան այրերի և օրենսդիր մարմնի ներկայացուցիչների կողմից»։

Բանախոսը հույս հայտնեց, որ մարդու իրավունքները կդառնան մեր ազգային արժեհամակարգի մասը։ Նրա  խոսքերով՝ վերջերս տարբեր գերատեսչություններ, որոնց առնչվում է նշված ծրագիրը, սրտնեղում են «փակ» բառից․

«Ինձ համար սա ամենակարևոր փոփոխություններից է մարդկային գիտակցության և ընկալումների մեջ»,-նշեց Մուրադյանը։

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ փակ հաստատություններով հետաքննող լրագրողները շատ վաղուց են զբաղվում և սա այն ոլորտն է, որը չես կարող ազատ լուսաբանել, որովհետև մի սխալի հետևանքով կարող են այնտեղ հաշվեհարդար տեսնել մարդու հետ․

«Այս ոլորտում բարեփոխումները տասնամյակից ավելի է՝ գնում են, բայց էական փոփոխություններ չեն եղել։ Իրականում փակը հենց այն է, որ չենք կարողանում դա բացել։ Համակարգում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետական կառույցները տարիներ շարունակ չէին ուզում վեր հանել, իշխանափոխությունը հնարավորություն է այդ խնդիրները վեր հանած դնելու իշխանության առջև և համոզելու կամ ստիպելու, որ պետք է բարեփոխումներ կատարվեն»։

Բաղդասարյանի խոսքերով՝ առաջին բանը, որ Կառավարությունը պետք է մտածի, կրթական ծրագրերն են, այսինքն՝ բոլոր աշխատողները պետք է կրթվեն ՝ սկսած պետերից վերջացրած դատապարտյալներով․

«Այդ դատապարտյալների պատմությունը երբ ուսումնասիրում ես, մի ողբերգություն է, կարծես թե նրանք հայտնված լինեն մի քրեական միջավայրում, որտեղ գոյատևելու համար անհնար է, որ հանցագործություն չկատարեն՝ մանավանդ սոցիալապես անապահով ընտանիքներից դուրս եկած մարդիկ։ Բանտում գտնվելը պետք է դառնա հնարավորություն նրանց համար մասնագիտություն, կրթություն ստանալու համար»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, խոսելով խոշտանգումներից զերծ մնալու, արժանապատվությունը նվաստացնող խնդիրները բացառելու իրավունքների մասին, նշեց, որ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի պարտավորությունը չի կարող պայմանավորվել Կառավարության ղեկավարով կամ կազմով․

«Մենք, ելնելով մեր նախորդ տարիների փորձից, գնահատականներից, ունենք առաջարկությունների մի ողջ փաթեթ, որոնք տարիներ շարունակ ներկայացվել են և մնացել են չիրականացված, հիմա էլ պատրաստակամ ենք ներկայացնելու և նաև ջանք գործադրելու, որպեսզի Կառավարությունը կատարի իր պարտավորությունը»։

Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ ազատազրկումն արդեն ամենամեծ պատիժն է և ազատազրկված անձն այլևս չպետք է ենթարկվի լրացուցիչ պատիժների։

«Մենք պետք է  արմատապես փոխենք քաղաքականությունը պատժողական բնույթից ավելի սոցիալական և աջակցության բնույթի»։

Հայաստանում Եվրոպական Միության դեսպան, պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն էլ նշեց, որ Հայաստանում 10 տարի առաջ այս թեմայով բաց քննարկում շատ դժվար կլիներ կազմակերպել։

Նրա խոսքերով՝ այս ծրագիրն իրականացնողները կարողացել են լույս սփռել մարդու իրավունքների պաշտպանության վրա, ինչը շատ հաճախ չքննարկվող թեմա է։

Դեսպանի դիտարկմամբ՝  ազատության սահմանափակումը շատ լուրջ հարց է, և այդ մարդիկ չպետք է  արժանանան անհարգալից վերաբերմունքի։

Նա վստահեցրեց, որ ԵՄ-ն մշտապես ապահովում է մշտադիտարկում և բանավեճ մարդու իրավունքների հարակից ոլորտներում,  քանի որ նման քննարկումներն են, որ պետք է փոխեն մարդկանց վերաբերմունքը։