Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մանե Թանդիլյանի դժգոհությունները 2020թ․ պետական բյուջեից (տեսանյութ)

Ազգային ժողովում 2020թ․ պետական բյուջեի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը դժգոհեց՝ բյուջեն չի արտացոլում այն, ինչի մասին Կառավարության ծրագրում նշվում եր։

Օրինակ՝ Կառավարության ծրագրում կային դրույթներ, որոնք Մանե Թանդիլյանի գնահատմամբ՝ կարևոր էին, բայց բյուջեում դրանց մասին ոչ մի տող գրված չէ։

«Խոսքը վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշռի ավելացման մասին է, և դուք չեք գտնի ոչ մի տող բյուջեում, երբ որ մենք ուզում ենք արևային և քամու էներգիան օգտագործել որպես վերափոխում մեր էներգետիկ համակարգի կառուցման և ապահովության»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչդեռ Կառավարությունը իր միջնաժամկետ ծախսային ծրագրերում նախատեսել է տեսակարար կշիռը բարձրացնել մինչև 2,7 %։
Մանե Թանդիլյանին չեն հուսադրում նաև տուրիզմի զարգացման համար նախատեսված ծրագրերը։

ԼՀԿ-ական պատգամավորը այս պարագայում նույնպես հղում արեց Կառավարության ծրագրին, որում կարևորվում էր էկոտուրիզմի, էթնոտուրիզմի, էքստրիմ տուրիզմի և գաստրոտուրիզմի զարգացումը, բայց պետական բյուջեի նախագծում ոչ մի խոսք չկա դրանց վերաբերյալ։

Մանե Թանդիլյանի հերթական դժգոհությունը 10 մլն ծառի տնկմանն ուղղված ծրագրի բացակայությունն է։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերին «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի ժամանակ իր ելույթում նշել էր, որ կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին:

«Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»,- ասել էր նա։

«Պարզվում է, որ այդ հայտարարությունը վարչապետի մակարդակով միտված է եղել մեր հանրությանը, որ միգուցե ինչ-որ տեղից ինչ-որ գումարներ հավաքագրեն, և այդ ցանկությունն իրականություն դառնա, որովհետև Կառավարության ծրագիրը և բյուջեն դա չեն նախատեսել, այնինչ այն ամենահամեստ հաշվարկով 20 մլրդ դրամ ծախս է նախատեսում»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը։