Կասպարովը տեղափոխվում է Նյու Յորք
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը վերջերս Նյու Յորքում նոր բնակարան է գնել, որը գտնվում է հանրահայտ 76-րդ փողոցի եւ Ամստերդամ ավենյուի հատման վայրում: Բնակարանն ունի 167 քառակուսի մետր մակերես եւ բաղկացած է 3 ննջասենյակից: Այն գնելու համար Գարրի Կասպարովը տեղի բանկերից մեկից 1,25 մլն դոլարի հիպոտեկային վարկ է վերցրել, իսկ բուն բնակարանի համար վճարել է 3,5 մլն դոլար:
«Ոչ մի վատ բան չկա դրանում: Մենք վաճառեցինք մեր փոքր բնակարանը եւ դիմացը գնեցինք ավելի ընդարձակ բնակարան», - The New York Times թերթին տված հարզազրույցում պարզաբանել է աշխարհի վեցակի չեմպիոնը:
Այն հարցին, արդյոք նա պատրաստվում է մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, Գարրի Կասպարովը պատասխանել է. «Ինչ վերաբերում է իմ ամերիկյան ծրագրերին, ապա այն երբեք չեմ թաքցրել: Նյու Ջերսիում ապրում է իմ 16-ամյա դուստրը` առաջին կնոջիցս: Երեք տարի առաջ Նյու Յորքում ծնվեց իմ եւ Դաշայի առաջնեկը` Աիդան, Պալմ Բիչում է գտնվում մեր մենեջերի գրասենյակը, բացի այդ արդեն 7 տարի է, ինչ ԱՄՆ-ում հաջողությամբ գործում է իմ շախմատային հիմնադրամը: Սակայն իմ հիմնական բնակավայրը մնում է Մոսկվայի բնակարանս: Ես հարկերը մուծում եմ Ռուսաստանում, քանի որ տարվա 183 օրը անցկացնում եմ հենց իմ երկրում»:
ԱՄՆ-ում վարկ վերցնելու համար անհրաժեշտ է ունենալ մշտական շահույթ այդ երկրում: Ինչպես տեղեկացնում է թերթը, Գարրի Կասպարովը լավ կապեր ունի Նյու Յորքում եւ մեծ գումարնով շախմատի դասընթացներ է կազմակերպում:
The New York Times-ը միաժամանակ նշում է, որ Գարրի Կասպարովը վերջին ժամանակներին հեռացել է մեծ քաղաքականությունից: Շախմատային օլիմպիադայի յոթակի չեմպիոնը, որը ընդիմադիր ՄՔՃ (Միացյալ քաղաքացիական ճակատ) կուսակցության առաջնորդն է, 2009 թվականին շատ քիչ է մասնակցել կուսակցության կողմից կազմակերպված միջոցառումներին:
ՌԴ ընդիմադիր ուժերը ներկայումս հուսահատ վիճակում են գտնվում եւ վախենում են, որ ՄՔՃ-ն ֆինանսական ճգնաժամի պատճառով 2010-ին կդադարեցնի գործունեությունը, որի շարժիչ ուժը հանդիսանում է հենց Գարրի Կասպարովը: