Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը՝ սատանիզմի, սատանիստական կաթսայից ուտողների և դեպրեսիայի մեջ գտնվողների մասին (տեսանյութ)

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկա չէ Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հարցը ուղղված էր հենց նրան, սակայն հարցերին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորի առաջին հարցը վերաբերում էր բուռն քննարկումների առիթ դարձած «ՀուԶանգ ու Զանգ» ներկայացմանը, որի անցկացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019թ․-ի բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք արդարացված էր այդքան գումար տրամադրելը այդ ներկայացման համար։ Արթուր Մանուկյանին հետաքրքրում էր նաև, թե ինչ դիրքորոշում ունի Կառավարությունը Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ, որը օրեր շարունակ պահանջում են ուսանողները և ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունը։

Նիկոլ Փաշինյանը անկեղծացավ՝ երբ լսում էր հարցը, ասաց, որ մտածում էր, թե պետք է պարզել վիճակագրությունը, թե այն ժամանակ, երբ կոռուպցիան ՀՀ-ում թևածում էր աննախադեպ մասշտաբներով, այդ նույն մարդիկ քանի հոգու հրաժարական են պահանջել։

«Մենք քաղաքականություն ենք որդեգրել, որ արվեստում այլ քաղաքականություն ունենանք և ֆինանսավորենք մշակույթը, քաջալերենք ստեղծագործական աշխատանքը ՀՀ-ում։ Գրանտային ծրագրեր են իրականացվել և այն ներկայացումը, որի մասին դուք նշեցիք, 22 ծրագրերից մեկն է եղել։ Հիմա ԿԳՄՍ նախարարությունը քննադատությունները հաշվի առնելով այդ մեխանիզմը կատարելագործելու հետագա քայլերի մասին է մտածում, որպեսզի ոչ միայն թղթի վրա պատկերացում լինի ներկայացման մասին, այլև վիզուալ։ Բացի այդ, արվեստը հենց դրանով է արվեստ, որ միշտ չէ, որ միանշանակ է»,- ասաց վարչապետը, ապա առաջարկեց ծանոթանալ այն տեղեկություններին, որ ժամանակին Փարաջանովի գործերի մասին ասում էին՝ Սովետական միության պրոլետարիատի փողերը որ ծախսում եք, սրա՞ վրա պետք է ծախսեք։

«Վերջերս համապատասխան մարմիններից անընդհատ տեղեկություն եմ ուզում, թե սատանիզմը ի՞նչ է։ Ճիշտն ասած՝ ես բավականին լավ գիտեմ Նոր կտակարանն ու Աստվածաշունչը և ինձ համար հասկանալի չէ, օրինակ՝ ես հիմա ինչպես հասկանամ պարոն Մանուկյան, Ձեր հարցը սատանիստակա՞ն է, թե՞ ոչ կամ հիմա, երբ ես Ձեր հարցին պատասխանում եմ, սատանիստակա՞ն է, թե՞ ոչ։ Ի՞նչ է սատանիզմը Հայաստանում սակավագիտության և լայնամտության մեջ պայքար է գնում, որովհետև մարդկությունը պատմություն է տեսել, որ մի մարդ ասել է՝ երկրագունդը կլոր է, դրել են՝ վառել, հիմա վառողների գաղափարակիցները 21-րդ դարում էլ են ապրում և լավ են անում, բայց սա չի նշանակում, որ մենք գերաններ ու լուցկին պետք է տանք իրենց ձեռքը ու ասենք՝ ընտրեք, ում ուզում եք վառեք»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողներին՝ ասաց․ «Այնտեղ մարդիկ կան, որոնք քաղաքական գործունեության մեջ հատնի են և երբ նայում ես նրանց հայացքին ու խոսացածին, կարող է լինել նման մեկնաբանություն, որ իրենք ոգեշնչվում են սատանայից, որովհետև կոռուպցիայից ավելի սատանիստական բան չեմ պատկերացնում, սեփական զինվորին և ժողովրդին թալանած ավելի սատանիստական բան չեմ պատկերացնում և այդ շրջանակներում եղել են մարդիկ, որոնք հրաժարական չեն պահանջել, բայց այդ սատանիստական կաթսայից ուտելիս են եղել և հիմա կարծես դեպրեսիայի մեջ են, որ գդալ չկա և իրենք դրանից զրկվել են»։

Մանրամասները ՝տեսանյութում։