Բացել լրահոսը Փակել լրահոսը
դասախոս
A A
Հասարակություն

Դասախոսները հորդորում են ուսանողությանը դադարեցնել դասադուլը (տեսանյութ)

Երևանի պետական համալսարանի Պատմության և Բանասիրության ֆակուլտետի դասախոսները մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ ի նշան ուսանողների հետ համերաշխության։ Այսօր հրավիրված ասուլիսում բուհերի և ակադեմիական համակարգերի ներկայացուցիչները ներկայացրին ուսանողներին համերաշխություն հայտնելու իրենց պատճառները։ ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանն ասաց՝ քաղաքական որևէ շարժառիթ չունեն, իսկ իրենց պահանջին կողմ է դասախոսների գերակշիռ մասը․

«Նախատեսում և ակնկալում ենք հարցի հրատապ քննարկում բոլոր շահագրգիռ իրավասու կողմերի և մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ՝ առանց քաղաքական շահարկումների։ Հորդորում ենք ուսանողությանը դադարեցնել դասադուլը»։

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը նշեց, որ երբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախագիծը ներկայացվել է, իրենք բացասական դիրքորոշում են հայտնել․

«Ակադեմիական և բուհական համակարգից ստանալով բացասական կարծիքներ՝ շատ անհասկանալիորեն մեր նախարարը հայտարարեց, որ որևէ սկզբունքային հարցում փոխզիջման չեն գնալու։ Մենք որոշեցինք հանրայանացնել և հոկտեմբերի 28–ին բաց նամակով դիմեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին»։

Նրա խոսքերով՝ իրենց պահանջը հիմնականում մեկն է՝ հետ կանչել նախագիծը, որի դրույթները  վտանգավոր են։

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ նշեց, որ շատ դեպքերում մոռանում են մի հանգամանք, որ Հայոց լեզուն, Հայ գրականությունը, Հայոց պատմությունը հայեցի դաստիարակության, արժեհամակարգի ստեղծման համար խիստ անհրաժեշտ են․

«Մեր ուսանողների դասադուլը մեկ հիմնական նպատակ ունի՝ ընդհանուր ուշադրություն հրավիրել կրթական համակարագի հայեցակարգ մշակելու ուղղությամբ»։

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքերով, երբ օրակարգ մտավ այս նախագիծը, գոնե համալսարանական համակարգի պարագայում  համոզվեցին, որ շարունակելու է գործել այդ համակարգը՝ չնայած թերություններին․

«Այս օրենքի նախագծով Գիտությունների ակադեմիան փաստորեն վերանում է, մանավանդ, որ նախարարի մակարդակով ասվեց, որ իրենց նպատակը գիտությունը բուհեր տեղափոխելն է, սա նշանակում է, որ բուհերում գիտություն չկա, ես այդ կարծիքին չեմ»։

Մելքոնյանի խոսքերով՝ գիտության և կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, բայց առաջին հերթին կացինն իջավ հայագիտական առարկաների վրա։