«Փյունիկի» մրցակիցները հայտնի են
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» սկսեց նախապատրաստվել մրցաշրջան-2010-ին: Առաջիկա երկու օրերին փյունիկցիները մարզումները կանցկացնեն «Հայբուսակ» համալսարանի տրենաժորային դահլիճում, իսկ հետո, եթե թույլ տան եղանակային պայմանները, պարապմունքները կշարունակվեն ՀՀ հավաքականների կենտրոնի նորակառույց արհեստական խաղադաշտում:
«Փյունիկի» առաջին մարզմանը բացակայում էին լեգեոնականները, ինչպես նաեւ թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը, Արտակ Ալեքսանյանը:
Ի դեպ, Սարգիս Հովսեփյանը մեր առաջնության մասնակից թիմերի ավագներից միակն է, ով չմասնակցեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը, թեեւ այս տարի առաջին անգամ նման հնարավորություն ստացան հենց ավագները: Նրա փոխարեն քվեարկել է Կառլեն Մկրտչյանը, որը Արթուր Եդիգարյանի հեռանալուց հետո համարվում է թիմի ավագի առաջին տեղակալը: Հավելենք, որ Սարգիս Հովսեփյանը ներկա չէր նաեւ տարեւերջյան մրցանակաբաշխությանը:
Հանրապետության չեմպիոնը նախեւառաջ նախապատրաստվում է 2010 թ ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների «Համերաշխություն» գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա գալիք հունվարի 16-24-ը, Մոսկվայում:
Այսօր տեղի ունեցավ խմբային փուլի վիճակահանությունը: «Փյունիկը» ընդգրկվեց ընտրական 4-րդ խմբում, որտեղ մեր չեմպիոնի մրցակիցները կլինեն Ուզբեկստանի «Բունեդկորը», Լիտվայի «Էկրանասը» եւ Մոլդովայի «Դաչիան»: