Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը վաղուց հրապարակել է ցուցակը

Սպորտ

ՖԻՖԱ-ն հաստատել է այն մրցավարների ցուցակը, որոնք 2010 թ իրավունք ունեն սպասարկելու միջազգային հանդիպումները:

Դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ միայն հրապարակեց ՖԻՖԱ-ի կողմից հաստատված այդ երկրի մրցավարների անուն-ազգանունները (թվով 15 մրցավարներ), այլեւ նրանց հանձնեց համապատասխան կրծքանշաններն ու մրցավարական տարբերանշանները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից այդ կապակցությամբ հայտնեցին, որ ՖԻՖԱ ուղարկած մեր ցուցակն արդեն հաստատվել է այդ կազմակերպության կողմից, սակայն դեռեւս չի ստացվել ՖԻՖԱ-ի պաշտոնական պատասխանը: Դրանք տեղ հասնելուց հետո ՀՖՖ-ն կհրապարակի նաեւ մեր միջազգային մրցավարների ցուցակը:

Ի դեպ, Ադրբեջանի ՖՖ-ն վաղուց կողմնորոշվել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցում: Այդ պաշտոնում կրկին նշանակվել է գերմանացի մասնագետ Բերտի Ֆոգտսը, որի հետ կնքած պայմանագիրը երկարաձգվել է: Իսկ ահա ՀՖՖ-ի ղեկավարությունն առայժմ չի կողմնորոշվել այդ հարցում: Նշենք, որ ուրուգվահայ մասնագետ Սերխիո Մարգարյանի թեկնածությունն արդեն հանված է օրակարգից, քանի որ նա մերժել է ֆեդերացիայի առաջարկը: