«Հատիսը» հանգստանում է, մրցակիցը` խաղում
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Հատիսը» Եվրոպայի գավաթի 2009/10 թթ խաղարկության 1/16-րդ եզրափակիչում հանդիպելու է Օրենբուրգի «Նադեժդայի» հետ:
Մեր թիմը ներկայումս գտնվում է արձակուրդում, եւ բոլոր արտասահմանցիները մեկնել են իրենց հայրենիք: Նրանցից այլեւս Երեւան չեն վերադառնա Ջուլիանա Վիանին (ԱՄՆ), Իվա Սերդարը (Խորվաթիա) եւ Նաթա Փութկարաձեն (Վրաստան), որոնց պայմանագրի ժամկետներն ավարտվել են, իսկ ակումբի ղեկավարությունը չի ցանկացել երկարաձգել դրանք: Իսկ ահա մնացած լեգեոնականների հետ նոր պայմանագրեր են կնքվել: Ինչպես տեղեկացրին «Հատիսի» մամուլի ծառայությունից, այժմ ակումբի ղեկավարությունը նոր խաղացողներ է փնտրում թիմից հեռացած բասկետբոլիստուհիների տեղը:
«Հատիսի» խաղացողները քանի դեռ հանգստանում են, Օրենբուրգի «Նադեժդան» հերթական հանդիպումն անցկացրեց Ռուսաստանի առաջնությունում: Մեր թիմի առաջիկա մրցակիցը հյուրընկալվելիս պարտվեց Նովոսիբիրսկի «Դինամոյին»` 55:58:
8-րդ տուրից հետո «Նադեժդան» 13 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում: Հաջորդ խաղը մեր մրցակիցները կանցկացնեն հունվարի 4-ին, ընդ որում` սեփական հարկի տակ նրանք կընդունեն «Վոլոգդա-Չեւակատային»:
Ի դեպ, ինչպես տեղեկացանք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, 2010 թ կանանց Եվրոպայի առաջնության C խմբի առաջնությունը կանցկացվի Երեւանում, հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Մրցաշարին մասնակցելու իրավունք է ստանում կազմակերպիչ երկրի հավաքականը:
Հարկ է նշել, որ այս խմբում ընդգրկված է նաեւ Ադրբեջանի ընտրանին, որն նախորդ առաջնությունում 8 թիմերի մեջ զբաղեցրել է 7-րդ տեղը:
Կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները, կախված կլինի մեր հարեւան երկրի բասկեստբոլի ֆեդերացիայի ղեկավարության դիրքորոշումից: Հիշեցնենք, որ 2007 թվականին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան չցանկացավ հանդիպել Հայաստանի ազգային թիմի հետ: