Բացել լրահոսը Փակել լրահոսը
get
A A
Մարզեր Հասարակություն

Պատճառած վնասի համար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը պատրաստ է պատասխանատվություն կրել (տեսանյութ)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկ է կատարում՝ պարզելու, թե ինչ վնաս է պատճառվել շրջակա միջավայրին  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պոչատարում տեղի ունեցած վթարի և արտանետումները Ողջի գետ լցվելու վերաբերյալ։

Օրեր առաջ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը ստուգում է անցել և տասնօրյա ժամանակում պետք է ստանա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի եզրակացությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանը։

«Մենք ամենայն պատասխատանատվությամբ ենք վերաբերվում կատարվածին, չենք փորձում արդարանալ, արտահոսքը մեր գործունեության պատճառով է եղել, և մենք պատրաստ ենք կրել պատասխանատվությունը»,- նշեց պարոն Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Կառավարության նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կասկածներ էր հայտնել, որ ԶՊՄԿ-ն թաքուն է պահել դեպքը։

«Չեն զգուշացրել, որ նման  դեպք է եղել, տերերը, ով որ էդ բանն արել է, իրենք չեն ասել և արագ վերականգնման աշխատանքներ են արել», - ասել էր պարոն Ցոլակյանը։

Սամվել Ալեքսանյանի խոսքով՝ վթարը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 5-ին, ընդհանուր առմամբ տևել է մոտ մեկուկես ժամ, բայց արտահոսքը կանխվել է 30-ից 40 րոպեի ընթացքում։

«Թաքցնելու ոչ մի փորձ չի արվել, մենք ունենք որոշակի շղթա, որով ինֆորմացիան տարածում ենք, դեպքը եղել է առավոտյան ժամին, և ամեն մեկն իր ղեկավարին տեղեկացրել է, մինչև ինֆորմացիան հասել է այն օղակին, որը պետք է ներկայացներ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինին և ԱԻՆ-ին։ Ինքս ահազանգը ստացել եմ 7։ 55-ին տեսչական մարմնի մարզային գրասենյակից, որից հետո 8։20 ես եղել եմ տեղում  և տեսել եմ, որ այն օրգանները, որոնք  պետք է տեղեկացված լինեին՝ ԱԻՆ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, մարզպետը և այլք, բոլորը տեղում էին։

Վթարի հետևանքների վերացման համար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը Կապանի համայնքապետի հետ քննարկումներ է անցկացնում։

«Սպասում ենք թույլտվության, որպեսզի գետի հունը մաքրենք։ Այն, ինչ կարելի էր մաքրել տեղում՝ աղտոտված խողովակների տակի հողը, արվել է հենց առաջին օրը»,- ասաց Սամվել Ալեքսանյանը։