Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաստաբաններ
A A
Հասարակություն

Վերջնական վաճառքը Նազիկ Ամիրյանի լիազորություններից դուրս է եղել․ փաստաբանը՝ «Հայապակի» գործարանի շուրջ ստեղծված վիճակիի մասին (տեսանյութ)

Բյուրեղավանի «Հայապակի» գործարանի հետ կապված նոյեմբերի 6-ին Ոստիկանության տարածած մամլո հաղորդագրությանն այսօր անդրադարձան ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ գործարանի նախկին սեփականատեր Նազիկ Ամիրյանի փաստաբաններ Գուրգեն Գրիգորյանը և Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը նախ նշեց, որ 573 միլիոն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող ընկերության 80 տոկոսի մեջ մեծ արժեք ունի մի գույք, որը Հայաստան է ներմուծվել 1992 թվականին, և իր տեղեկություններով՝ մինչև օրս գործարանում է, և նույնիսկ մեկ րոպե չի աշխատել, քանի որ փչացած է եղել։ 

«2001 թվականից սկսած՝ Նազիկ Ամիրյանը մինչև վարչապետ խնդրանքներով դիմել է։ Որ՝ «Խնդրում ենք հարկերը սառեցրեք, խնդրում ենք բանկերին թույլ տվեք, որ մեզ գումար հատկացնեն, որ կարողանանք աշխատեցնել»»,- նշեց Գուրգեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Ն․ Ամիրյանը շարունակ ներդրումներ է կատարել գործարանում, ինչը փաստաթղթերով երևում է։ Թե՛ պետության տրամադրած 140 միլիոն դրամը, թե՛ Նազիկ Ամիրյանի 180 միլիոն դրամի կատարած ներդրումը, ըստ փաստաբանի, երևում է փաստաթղթերում։  

Իսկ հարկային պարտավորությունների չկատարելու մասով փաստաբանն ասաց, որ չվճարված հարկերի և աշխատավարձերի բեռը ոչ թե Նազիկ Ամիրյանն է ավելացրել, այլ այդ վիճակով վաճառվել է վերջինիս, և չնայած այդ հանգամանքին, մարվել են։

Լևոն Բաղդասարյանն իրավապահ մարմնի տարածած հաղորդագրության մեջ միտում է տեսնում։ «Այդ թվականների (1990-ականներ – հեղ․) բոլոր գործարանները թալանվել են։ Եվ եթե այսօրվա գործադիր իշխանությունը ցանկություն ունի օբյեկտիվ գնահատական տալ, պետք է հետ գնա և տա հետևյալ հարցի պատասխանը՝ «Ո՞րն է եղել պատճառը, որ բալանսում նստած է եղել մոտ 800 միլիոն դրամի գույք, բայց իրականում եղել է թալանված գործարան»։ Այսինքն՝ վերցրեցին գործարանը, ամենաբարձր պետական մակարդակով թալանեցին, որից հետո վաճառեցին այն գնով, որ այդ շուկայական գինն էր։

Օբյեկտիվ գնահատականի համար, ըստ Բաղդասարյանի, լիազոր մարմինը պետք է ճշտի, որ պետության կողմից երբ գործարանը վաճառվեց, շուկայական արժեքը համապատասխանո՞ւմ էր նրան, ինչը վաճառեցին, և ո՞րն է եղել պատճառը, որ գործարանի բալանսային արժեքը 100 անգամ կամ 10 անգամ ավելի բարձր է եղել, քան շուկայական գինը։

«Վերջնական վաճառքը Նազիկ Ամիրյանի լիազորություններից դուրս է եղել։ Եթե Նազիկ Ամիրյանը կարողանար այդ սխեմաները կազմակերպեր, հենա կկազմակերպեր, որ գումարները բերեր, հիմնարկությունը պահեր»,- ավելացրեց Գ․ Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտավորյալ դեպի սնանկ ճանաչելուն ուղղված քայլերին։ 

Ըստ Լևոն Բաղդասարյանի՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանին անցած գործարանները համատարած թալանվել են, իսկ «Հայապակի» ընկերության բալանսում առկա թանկարժեք գույքը ո՛չ պետության, ո՛չ Նազիկ Ամիրյանի կողմից  չի օգտագործել, և ոչ էլ հիմա է օգտագործվում։