Բացել լրահոսը Փակել լրահոսը
4
A A
Հասարակություն

Ի՞նչ կապ ունի Միքայել Մինասյանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հետ (տեսանյութ)

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը որդեգրել է թափանցիկ գործելու քաղաքականությունը և կշարունակի այդպես աշխատել։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը՝ անդրադառնալով «ՍիվիլՆեթ» լրատվական կայքի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային. Մաքսիմ Հակոբյանի ու նրա որդու փոխարեն նոր բաժնետերեր Ժնևից և Աջափնյակից» վերտառությամբ հետաքննական հրապարակմանը, որում ներկայացվում են ԶՊՄԿ-ի բաժնետերերը։

«Մենք նախատեսում ենք ընկերությունը տանել բաց բաժնետիրական ընկերության ֆորմատով, սկզբում հայկական ֆինանսական շուկայում, այնուհետև՝ համաշխարհային։ Մենք ոչ հիմա, ոչ էլ այդ պարագայում ի վիճակի չենք լինի ազդեցություն ունենալ մեր բաժնետերերի ցանկի վրա»,- ասաց Մհեր Պոլոսկովը և հավելեց.

«Մենք պատասխանատու ենք ընկերության աշխատանքի, բնապահպանական խնդիրների, հարկերի վճարման, մեր աշխատակիցների  աշխատավարձերը շուկայից ոչ պակաս կամ ավելի բարձր վճարելու, հարակից համայնքների բնակիչների լավ կամ վատ լինելու համար։ Բայց մենք չենք կարող բոլորի հարցերի համար պատասխանատու լինել, քանի որ մենք ամեն ինչի վրա ազդեցություն ունենալ չենք կարող»։ 

Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում  ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ԶՊՄԿ-ի հետ, արդյոք Միքայել Մինասյանն այլ անձանց միջոցով կոմբինատից եկամուտ ստանո՞ւմ է , թե՞ ոչ․ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը հստակ պատասխան չտվեց։ Նա շեշտեց, որ ընկերության կողմից ներկայացրած բաժնետերերի սխեմատիկ կառուցվածքում ներկայացված են բոլոր բաժնետերերի անունները, մինչդեռ ըստ օրենքի՝ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններից պահանջվում է ներկայացնել միայն այն բաժնետերերին, որոնք ունեն 10 և ավելի % բաժնեմաս։

Նարեկ Ամբարյանի խոսքով՝ «ԶՊՄԿ-ի 4 բաժնետերերը 6 տարի և ավելի ոչ մի դրամ եկամուտ չեն ստացել հիմնարկի աշխատանքից»։

«Չեմ հերքում, որ Արմեն Անտիկյանն ու Սուրեն Ածիկյանը «Մուն Մեթալս» ընկերության բաժնետերեր չեն, այլ հաստատում եմ, որ բաժնետերեր չեն»,- հավելեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանգլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետերերի սխեմատիկ կառուցվածքը

 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը համոզված է, որ դատարանում կարողանալու են ապացուցել, որ որևէ կապ չունեն Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ ցուցարների հետ։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ ասաց պարոն Պոլոսկովը։

«Կյանքում մեզ թույլ չէինք տա նմանատիպ ակտիվ գործունեություն ծավալել մեր գործընկերների հետ, անկախ նրանից՝ մենք իրենց մենեջմենթը սիրո՞ւմ ենք, թե՞ ոչ»,- ասաց Մհեր Պոլոսկովը։

Հարցին, իսկ ԶՊՄԿ-ն սիրո՞ւմ է «Լիդիան Արմենիա»-ի մենեջմենթը, Մհեր Պոլոսկովն ընդգծեց, որ այն ամենից հետո, երբ «Լիդիան Արմենիա»-ն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի վերաբերյալ բացասական ինֆորմացիա է տարածել, դժվար կլինի ասել, որ սիրում են։

Նշենք, որ«Լիդիան Արմենիա» ընկերությունը  2018թ․ հուլիսի 26-ին իր յութուբյան էջում տեսանյութ էր հրապարակել, և մեկնաբանել, որ ԶՊՄԿ-ի հետ անմիջական կապ ունեցող,  Սյունիքի նախկին մարզպետ  Վահե Հակոբյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայով՝ նրա իսկ վարորդը Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ցուցարարներին, որոնք փակել են ճանապարհը, սնունդ է մատակարարում։

Ի պատասխան՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 2019թ․ ապրիլին դատի է տվել  «Լիդիան Արմենիա» ընկերությունը։  ԶՊՄԿ-ն պահանջում է պարտավորեցնել «Լիդիան Արմենիա»-ին  հրապարակայնորեն հերքելու իրականությանը չհամապատասխանող և զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելու համար։ Դատավարությունն ընթացքի մեջ է։

Մհեր Պոլոսկովից հետաքրքրվեցինք նաև, թե հեղափոխությունից հետո ի՞նչ հարաբերություններ ունեն նոր իշխանության հետ։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենը պատասխանեց, որ Կառավարության հետ  հարաբերությունները լավ են, միևնույն ժամանակ ընդգծեց՝ երբ ընկերությունը ճիշտ է աշխատում, Կառավարության կողմից դրական  արձագանք են ստանում, իսկ երբ սխալ են թույլ տալիս, օրինա,կ պոչատարի վթարի դեպքում, ստանում են համարժեք արձագանք, ինչն ըստ Մհեր Պոլոսկովի՝ ճիշտ է։