Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 10-ը նոյեմբերի. «27»-ի գործով ձերբակալում են պատգամավոր Մուշեղ Մովսիսյանին (տեսանյութ)

Նոյեմբերի 10-ը խորհրդային միլիացիայի օրն է։ 1997-ի այս օրը Ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը նախարար է արդեն մեկ տարի եւ լրագրողներին մեղադրում է հասարակության մեջ ապաբեւեռացումը խորացնելու մեջ։ «Հասարակությունը պետք է մեզ հավատա»,-ասում է Սերժ Սարգսյանը։ Իսկ լրագրողները նրանց հարցնում են՝ ի՞նչ է մտածում արցախյան հարցի լուծման մասին: Ի դեպ, այս մարդու պատկերացումները ոստիկանության աշխատանքի մասին կարծես թե հանգստացնում էին դահլիճում ներկա օրենքի պաշտպաններին, փոխարենը նրանք աշխուժացան, հենց թեմա դարձավ միլիցիայի աշխատավարձը:

1998-ի նոյեմբերի 10-ին Ռոբերտ Քոչարյանին առընթեր քաղաքական խորհրդի անդամը դժգոհ է այն բանից, որ հեռուստատեսությամբ քարոզում են էլեկտրաէներգիայի սակագնի 25 տոկոս բարձրացնելու անհրաժեշտությունը, մինչդեռ էժանացման կողմնակիցներին եթեր չեն տրամադրում:

1999-ի այս օրը առավոտյան լրանում է Ազգային Ժողովի պատգամավոր, հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալ Մուշեղ Մովսիսյանի ձերբակալության 96 ժամվա ժամկետը ։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդությամբ Ազգային Ժողովում է եւ ասում է, որ Մուշեղ Մովսիսյանը Նաիրի Հունանյանի հետ համատեղ քննարկել եւ ծրագրել է Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Մուշեղ Մովսիսյանն ասում է՝ Հովսեփյանը ստում է։ 90 կողմով Մովսիսյանին խորհրդարանի դահլիճից դուրս են բերում արդեն որպես կալանավոր:

Նույն օրը կառավարության հետ հարց ու պատասխանի շրջանակներում առաջին անգամ խորհրդարան է մտնում վարչապետ Արամ Սարգսյանը։ Խմբերի ու խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 27-ի արդյունքում վարչապետ դարձած Արամ Սարգսյանը նկատում է, որ մեր երկրի անվտանգությունը հուսալի չէ:

Նույն օրվա իրիկունը Մոսկվայից ժամանած ինքնաթիռը Երեւան է բերում մեր կենդանաբանական այգու ամենասպասված հյուրին՝ փղիկին։ Մոսկվայի կենդանաբանական այգին նրան մեզ է զիջել բավականին ցածր գնով, 20 հազար դոլար է պահանջվել նրան բերելու համար, փղիկն առանձնապես ոգեւորված չէ, նա ոչ մեկին տեսնել չի ուզում։

2000 թվականի նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի քաղաքական ուժերը դրական են գնահատում Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին։ Որոշ կասկածներ դեռ կան: Նույն օրը փորձարկվում է Դավիթաշենի կամուրջը՝ առաջին ավարտուն խոշոր շինությունը անկախ Հայաստանում։ Փորձարկման պահին կամուրջի տակ կանգնած են տարածքային կառավարման եւ քաղաքաշինության նախարարն ու լրագրողները՝ պատրաստվում են բաժակ բարձրացնել։

2001-ի նոյեմբերի 10-ին Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը Ազգային Ժողովին է ներկայացնում հերթական իրատեսական բյուջեն։ Դեֆիցիտը ծածկելու հիմնական աղբյուրը մնում են միջազգային կազմակերպությունների վարկերը։ Սակայն բյուջեն գնահատվում է լարված այն իմաստով, որ լրացուցիչ ծախսեր կան հանձնաժողովների համար, որոնք իրենք են հաստատում իրենց բյուջեն ու աշխատավարձերը:

Հանրապետականի շենքի ապամոնտաժումը 2001-ի այս օրը կարող էր մարդու մահվան պատճառ դառնալ։ Թումանյան 23/2 տան բնակիչներն ասում են, որ ապամոնտաժվող քարերից մեկը կտուրով հայտնվել է կուսակցության շենքին կից տան ննջասենյակում, որտեղ այդ պահին ընտանիքի դուստրն էր՝ Լիանա Վանեցյանը:

2007-ի նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը պաշտոնապես առաջադրվում է Հայաստանի նախագահի թեկնածու։ Այս օրը նա Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին ասում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը այնքան է կորցրել իրատեսությունը, որ հավատում է ռեւանշի, եւ նույնիսկ խորհուրդ է տալիս հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ինձ հեռանալ քաղաքական ասպարեզից»։

2009-ի այս օրը ոստիկան Վալերի Օսիպյանին հանգիստ չի տալիս մարտի 1-ի զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հոր բռնած պաստառը, որտեղ գրված է, որ իր որդուն սպանել են իշխանությունները։ Օսիպյանն ուզում է պաստառը գողանալ, ժողովուրդը դիմադրում է: