Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վանեցյան
A A
Հասարակություն

Խաշմանյանը գործկոմի միանձնյա որոշմամբ է ընտրվել հավաքականի մարզիչ. Վանեցյան (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմն  այսօր տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ հաստատեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի թեկնածու Աբրահամ Խաշմանյանին՝ որպես Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Արթուր Վանեցյանի խոսքով նիստին մասնակցած բոլոր անդամները կողմ են քվեարկել Խաշմանյանի թեկնածությանը։

«Պարոն Խաշմանյանն այս պահից պաշտոնապես համարվում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ»,- հայտարարեց նա։

Վանեցյանը նաև պարզաբանեց, թե ինչ կատարվեց երեկվանից մինչև այսօր.
«Որևէ խնդիր չի եղել, ինչ-որ երկրաշարժ չի եղել։ Իրականում եղել է մի շատ պարզ իրավական կազուս, որի համար ֆեդերացիայում նշանակվել է ծառայողական քննություն և համապատասխան պաշտոնատար անձինք կպատասխանեն այդ հարցերին, և համապատասխան վերաբերմունք կցուցաբերվի նրանց նկատմամբ։ Հունիսի 26-ին տեղի էր ունեցել մեր հերթական ժողովը, որի ընթացքում հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը։ Նոր կանոնադրության համաձայն գլխավոր մարզչի, բոլոր հավաքականների մարզիչների նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին։ Հունիսի 26-ին այդ որոշումը ընդունվել է մեր ըւնդհանուր ժողովի կողմից, որից հետո կանոնադրությունը պետք է մուտքագրվեր Հայաստանի Արդարադատության նախարարության պետական ռեգիստր, որպեսզի ստանար պետական գրանցում։ Ինչ-ինչ պատճառներով այդ կանոնադրությունը մուտքագրվել է հոկտեմբերի 25-ին և 10 աշխատանքային օր է պահանջվում, որպեսզի կանոնադրությունը գրանցվի պետական ռեգիստրում։ Ֆորմալ առումով, այդ կանոնադրության հաստատումը պետք է լինի վաղը»։

Աշխատակազմը մարզչի ընտրության ժամանակ չի տեղեկացրել Արթուր Վանեցյանին, որ կանոնադրությունը դեռևս չի հաստատվել։

«Եղել է զուտ տեխնիկական սխալ, որը եղել է մեր աշխատակցի կողմից թույլ տրված սխալ, որը պետք է տաներ պետռեգիստր հունիս ամսին, բայց տարել է հոկտեմբեր ամսին, բայց չի ասել, որովհետև մտածել է, որ իր վրա հանկարծ խոսակցություն չգա»։

 

Հիշեցնենք, որ երեկ պարզ դարձավ, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Հայաստանի ազգային ֆեդերացիայի մարզիչ է նշանակել Աբրահամ Խաշմանյանին, ինչից հետո սկսեցին քննարկումներն այն մասին, որ ըստ ՀՖՖ կանոնադրության նախագահն իրավունք չուներ ընտրելու ազգային հավաքականին մարզչին առանց ՀՖՖ գործկոմի նիստի որոշման։ Այդ մասին խոսեց նաև ՀՖՖ գործկոմի անդամ, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նշելով, որ գործկոմի հետ քննարկում չի եղել, ինչը հակասում է գործող կանոնադրությանը։ Ի դեպ, Արսեն Թորոսյանն այսօրվա արտահերթ նիստին չէր ներակայացել։

Մանրամասները՝ տեսանյութում