Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կադկոմ
A A
Հասարակություն

«Հին կադրերին նոր ձևով չեն կարող ղեկավարել»․ ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)

«Կադաստրում այլևս կոռուպցիան տեղ չունի», «Երևանի կադաստրը սեփական դուքան չի, Արթուր Պետրոսյա՛ն», «Նոր Հայաստանին նորացված կադաստր է պետք», «Հին կադրերին նոր ձևով չեն կարող ղեկավարել» պաստառներով մի խումբ քաղաքացիներ Կադաստրի կոմիտեում վերափոխումներ կատարելու պահանջով հավաքվել էին կառավարության շենքի առջև։

Կադաստրի կոմիտեի  Երևան քաղաքի ռեգիստրի նախկին աշխատակից (Կադկոմի նախկին պետ Մարտին Սարգսյանի օրոք է դուրս եկել աշխատանքից – հեղ․) Գուրգեն Պողոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ եկել են այստեղ՝ բարձրաձայնելու կադաստրում առկա նախկին և ներկա խնդիրների մասին։

«Պրոբլեմներ Կոմիտեի նախկին ղեկավարի (Սահրատ Պետրոսյան – հեղ․) կողմից կադրային քաղաքականության հետ է կապված եղել։ Սարհատ Պետրոսյանը, գալով կոմիտե, իր հետ չի բերել պրոֆեսիոնալ, համակարգին մոտիկ մարդիկ։ Նա բերել է համակարգից անտեղյակ մարդկանց, դրել է ղեկավարներ»,- մանրամասնեց Պողոսյանը։

Գուրգեն Պողոսյանն ասաց, որ կադաստրում կա խնդիր, որը կապված է քարտեզների հետ, բնակչությունը դիմում է իրավունքների պետական գրանցման, մերժումների քանակը 10 տոկոսից ավելացել է, և լուծումները չեն երևում։ Նա հավելեց, որ իրենց առաջարկությունների փաթեթը ներկայացրել են կառավարությանը։

Աջափնյակի Լուկաշինի 1-ին փողոց, 58 տան բնակիչ Մելանյա Մովսիսյանը բողոքեց վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանից։

«Դարձել ենք թենիսի գնդակ։ Վերջում էլ գնացել ենք Կադաստրի կոմիտե, չեն աշխատում, մունաթ են գալիս»- նշեց նա։

Ըստ Մելանյա Մովսիսյանի՝ Կադկոմում ներքին կարգով իրեն պատկանող տարածքի հաշվին մեկ ուրիշի համար գծագիր են փոխել ու դրա հետ կապված գնացել Բաբայանի մոտ, իսկ Բաբայանը պատասխանել է, թե «լավ է արել, որ շինթույլտվություն է տվել»։

«Խնդրում եմ, պարո՛ն Փաշինյան, էս Ձեր ընտրած, դրած կադրերին վերահսկեք, այդ անգրագետներին մաքրեք»,- դիմեց քաղաքացին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։