Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ես հայհոյող մարդ եմ, կհայհոյեմ, ասեկոսեներով ինձ հարց մի տվեք․ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ (տեսանյութ)

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու նրա փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը նիստից հետո նշեց, որ իրենց համար այս որոշումը անսպասելի չէր։ Նա համոզված է` դատավոր Աննա Դանիբեկյանը չի կարդացել նախորդ նիստի ընթացքում իր կողմից ներկայացված 5 էջից բաղկացած նյութը ։

Ռուբեն Սահակյանը նշեց, որ իրենք ունեն մի շարք միջնորդություններ, որ եթե իրենք մինչ բուն դատավարությունը սկսելը չներկայացնեն, հետո նրանց հնարավորություն չի տրվի․ «Կասեն՝ դու պաշտպան ես, պետք է այս գործողությունները անեիր, բայց չես արել»։

Դիտարկմանը, թե տուժող կողմն ասում է, թե գործի նյութերում այնպիսի փաստարկներ կան, որոնք Ռ․ Քոչարյանի մեղադրանքն ապացուցում են, և դրա համար իրենք հետաձգում են դատը, նա նշեց․

«Ինչի համար պետք է խոչընդոտենք: Ախր կա միայն երկու փաստաթուղթ՝ 0038-ը հրամանը և արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը։ Եթե նա դա ընդունում է, ասում է, որ նման հրաման գոյություն ունի, ասում է՝ ես ստորագրել եմ, ո՞նց կարող է ասել, ես չեմ ստորագրել, հետևաբար՝ այս հարցում խոչընդոտելու խնդիր չի կարող լինել»։

Հարցին թե  արդյոք ճի՞շտ են այն պնդումները, որ փաստաբանական թիմը, միջնորդություններ ներկայացնելով, հետաձգում է բուն դատը՝ սպասելով Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի կարծիքին, փաստաբանը  պատասխանեց․

«Ես հայհոյող մարդ եմ, կհայհոյեմ, ասեկոսեներով ինձ հարց մի տվեք»։

Ռուբեն Սահակյանը նշեց նաև, որ ինքը կողմնակից է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուն, քանի որ նա չի տիրապետում իր մասնագիտությանը։

«Ամսի 5-ի նիստում նա ինձ ընդհատում է՝ ասելով ՝ կարճ կապեք, եթե չես հասկանում, ինչի՞ կարճ կապեմ, գնա ձեր տուն, գնա քո կատուներին դատապարտի, գնա քո կատուների գործը լսի, ոչ թե լսի մարդկանց գործը։ Նա բազմաթիվ կատուներ է պահում»։

Նա նշեց, նաև որ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին արգելված է տեսակցել։